Ինչո՞ւ թողեցիր ինձ

Ինչո՞ւ թողեցիր ինձ
Մարտի 16-ի ծառայության սկզբում «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը համառոտ պատմեց ՌԴ Իժևսկ քաղաք կատարած ուղևորության, այնտեղի «Կյանքի Խոսք» եկեղեցում իր ծառայությունների մասին: Ներկայացրեց ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները՝ փոխադարձ ծառայությունների և համատեղ կոնֆերանսի մասին:
Մարդկանց ծառայելը, Քրիստոսի Ավետարանը քարոզելը ինքնին աստվածային օրհնություններ են,- համոզված է հովիվը: Նախորդ ծառայության ընթացքում տեղի ունեցած միջադեպը հովիվ Տիգրան Թադևոսյանը նույնպես բնութագրեց որպես օրհնություն: Նախորդ կիրակի օրվա քարոզի ժամանակ եկեղեցու հավատացյալներից 8-10 հոգի միաժամանակ տեսել էին երկնքից թափվող փաթիլների նմանվող լուսավոր փայլեր: Նրանցից յուրաքանչյուրը կարծել էր, թե դա երևում է միայն իրեն կամ իր աչքերի հետ է ինչ-որ բան կատարվում: Սակայն երբ քույրերից մեկը բացականչել էր, թե այս ի՞նչ է թափվում, հասկացել են, որ դա իրականություն է:
«Օրհնությունները անձրևի նման թափվում են ու թափվելու են Աստծո զավակների վրա»,- հայտարարեց հովիվը:
Կիրակնօրյա պատգամով հանդես եկավ եկեղեցու ավագ ծառայող Մարինե Կարապետյանը:
Նա վերլուծեց Հիսուսի բացականչությունը խաչի վրա՝ մեռնելուց առաջ. «Իմ Աստված, իմ Աստված, ինչո՞ւ թողեցիր ինձ»: Մատթ. 27:45:
Հիսուսն իր ամբողջ երկրային կյանքի ընթացքում և հավիտենության մեջ եղել է Հոր հետ, Հոր կողքին, Հոր մեջ: Ամբողջ Աստվածաշունչը պատմում է այդ հիանալի մեկության մասին: Սակայն խաչի վրա Հիսուսը կտրվեց Հորից, առաջին անգամ խզվեց Նրանց միջև կապը: Այդ խզումը Հիսուսի համար անտանելի էր, անդիմադրելի:
Եվ այդ խզումն առաջացավ այն պահին, երբ Տեր Հիսուսն իր վրա վերցրեց աշխարհի մեղքը: Խզման պատճառը մեղքն էր:
Յուրաքանչյուրն իր կյանքում ունենում է պահեր, երբ անհաղթահարելի ցանկություն է առաջանում գոչել. «Իմ Աստված, ինչո՞ւ լքեցիր ինձ»: Այդ պահերին հիշի՛ր, որ Նա չի թողել քեզ: Նա ցանկանում է, որ դու գտնես խզման պատճառը: Եթե կասես, որ ինչ-որ բանում մեղավոր ես, դա դեռ ոչինչ է: Պետք է հստակ գիտակցես քո մեղքը: Հայրն ուզում է, որ գտնես քո իսկ հարցի պատասխանը: Նա Ինքն է ցույց տալիս քեզ պատասխանը: Եթե դու չես լսում Աստծո ձայնը, դա չի նշանակում, որ Նա չի խոսում: Սովորի՛ր լսել Նրա ձայնը, Նրա խոսքը, Նրա ճշմարտությունը:
Ու կհասկանաս, որ Նա չի թողել քեզ:
Կհասկանաս, որ դո՛ւ ես թողել Նրան:
Սեփ.լր.

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ