Ինչպես հանդիպել Հիսուսին և լինել ազատ
ՌԴ և ԱՄՆ կատարած ուղևորությունից վերջերս վերադարձած հովիվ Տիգրան Թադևոսյանը հունիսի 19-ի կիրակնօրյա ծառայության սկզբում պատմեց իր ծառայությունների մասին Մոսկվայում և ԱՄՆ-ում: Նա ուրախությամբ արձանագրեց, որ և՛ Մոսկվայում, և՛ ԱՄՆ-ում, և՛ Հայաստանի մի քանի քաղաքներում մարդիկ մեծ ցանկությամբ սպասում են «Նոր սերունդ» եկեղեցու ծառայություններին:
Կիրակնօրյա քարոզիչը «Նոր սերունդ» եկեղեցու վաղեմի բարեկամ, ''International Restoration Ministries'' ծառայության առաջնորդ Քոլեթ Բոդուանն էր:
Եթե խնդիրներ կամ դժվարություններ ունեք, մի՛ հարցրեք Տիրոջը, թե ինչո՞ւ: Շարունակեք փառաբանել Նրան: Չէ՞ որ Նա ասել է, որ տեսնում է ձեր սիրտը, սիրում է ձեզ և ճանաչում է ձեզ:
Կան բաներ, որ պետք է ունենայիք, բայց չունեք: Աստված ասում է՝ սպասի՛ր և քո հավատքը քեզ կտա այն, ինչ իրավամբ քոնն է:
Մաթևոս 25:1-13 նկարագրված են տաս կույսերը, որոնցից հինգը խելացի էին, հինգը՝ անմիտ: Վերջիններս կարծում էին, որ եթե լամպ ունեն, ապա դա բավարար է Տիրոջը տեսնելու, Նրա հետ հարսանիքին մասնակցելու համար:
Մարդկանց հաճախ թվում է, որ եթե իրենք ծնվել են քրիստոնյաների ընտանիքում, ուրեմն քրիստոնյա են և դա բավարար է, որպեսզի Աստված տեսնի դա ու ուղարկի Իր օրհնությունները: Այդպիսի մարդիկ նման են անմիտ կույսերին:
Մենք պետք է իմանանք, թե ինչպես և ինչով լցնենք մեր լամպերը: Հակառակ դեպքում Տերը ոչինչ չի կարող անել մեր կյաքնում: Եկեղեցի հաճախել, կարդալ Աստծո Խոսքը, աղոթել՝ նշանակում է ունենալ Փեսային, ստանալ Նրա օրհնությունները, արժանանալ Նրա բարեհաճությանը:
Ինչպե՞ս կարող ես ասել, թե դու քրիստոնյա ես, եթե չես անում այն, ինչ քեզ ասում է Քրիստոսը:
Լամպը յուղով լցնել՝ նշանակում է մաքրել սեփական անձը և այն դարձնել պատվո անոթ (2 Տիմ.2:20-22): Եթե չես մաքրում քո մարմինը, դու չես կարող հաղթահարել քո խնդիրները և ամեն անգամ կվերադառնաս այնտեղ, որտեղից սկսել ես: Մոռացիր քո մարմինը, աղոթիր, մնացածը Տիրոջ գործն է:
Աստված հեռացնում է ամեն բան, ինչը խանգարում է քո մաքրությանը: Բայց դու պիտի թույլ տաս, որ Նա մաքրի քեզ: Մենք հաճախ պահում, փայփայում ենք մեր անմաքրություններն ու թերությունները, դրանով իսկ թույլ չենք տալիս, որ Տերը վերացնի դրանք: Բայց մենք ամեն օր անընդմեջ մաքրվելու կարիք ունենք:
Ընդունի՛ր Հիսուսին, ընդունի՛ր Նրա Սերը և այն կմաքրի քեզ:
Սեփական լրատվություն