Ինչպե՞ս հայտնություն ստանալ ողջամիտ վարդապետության հիմքի վրա

Ինչպե՞ս հայտնություն ստանալ ողջամիտ վարդապետության հիմքի վրա
Տեղեկացնեմ, որ յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի և ուրբաթ օրերին` առավոտյան ժամը 11:30-ին անուշաբույր սուրճի և թեյի սեղանի շուրջ ծառայողական կազմով ունենում ենք հանդիպում, հաղորդակցություն, Աստծո խոսքի քննարկում` «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի հետ:
Խոսքի քննարկման նպատակն է խորանալ Աստծո Խոսքի հայտնությունների մեջ, ստանալ ճշմարիտ հայտնություններ` ճիշտ հիմքի վրա, որն է ողջամիտ վարդապետությունը:
 Բայց դու խօսիր ինչ որ կվայելէ ողջամիտ վարդապետութեանը: (Տիտոս 2:1)
Հովիվը սովորեցնում է տիրապետել Աստծո Խոսքի քարոզչության արվեստին, որի համար ուղղություն է տրվում առաջին հերթին ուշադիր լինել, թե ում է ուղղված խոսքը, որն է շարադրանքի նպատակը, քանի որ նպատակն է որոշում ճիշտ սիստեմավորված խոսքի ընթացքը: Սուրբ Հոգին էլ մեզ օգնում է Խոսքի գիտությամբ և իմաստությամբ հասնել ճիշտ նպատակին:
Նախորդ հանդիպման քննարկման թեման էր Գործք Առաքելոցի 26-րդ գլուխը: Քննարկվեց Պողոս առաքյալի պատկառելի վերաբերմունքը իշխանության նկատմամբ, ում առջև ինքը կանգնած էր՝ որպես մեղադրյալ, և առիթը օգտագործում էր նպատակին հասնելու համար, որն էր նրանց՝ Հիսուսին ճանաչելն ու ապաշխարելը: Խոսքում կարող ենք տեսնել Պողոսի համարձակ լինելը: Նա շատ գեղեցիկ և իմաստուն խոսքի մուտք վերցրեց, որով ցույց էր տալիս իր հարգալից վերաբերմունքը Ագրիպասին՝ բարձրացնող, գեղեցիկ, հարգալից խոսքերով նրան ներքաշելով իր խոսքի նպատակի մեջ: Այն կարող ենք կարդալ Գործք. 26:2-3 խոսքերում:
Այն ամենի համար որի մասին Հրէաները ամբաստանում են ինձանից, ով Ագրիպպաս թագաւոր, իմ անձը երանելի եմ համարում, որ այսօր քո առաջին պատասխան պիտի տամ։  Մանաւանդ որ դու տեղեակ ես Հրէից բոլոր սովորութիւններին եւ խնդիրներին. նորա համար աղաչում եմ, որ համբերութեամբ լսես ինձ։
Հետրքրքության համար նշեմ, որ բավականին երկար քննարկում ծավալվեց ընդամենը մեկ բառի ու դրա կիրառման կոնկրետ նպատակի շուրջ, որը գուցե առաջին հայացքից շատ պարզ թվացող «մանավանդ» բառն էր: Ազնվությամբ ուզում եմ խոստովանել, որ երբեք չէի պատկերացրել, որ ընդամենը մեկ բառի իմաստի ճիշտ հասկանալը և այն  գործածելը կարող է այդպիսի նշանակալից դերակատարություն ունենալ՝ նպատակին հասնելու համար: Այստեղից հասկանալի է դառնում, թե ինչ է նշանակում ամեն բառի համար պատասխան տալը, որը նշում է յուրաքանչյուր բառի ճիշտ և տեղին օգտագործման կարևորությունը: Այստեղից էլ փոխվում է մեր մտածելակերպը, որը հիմք է հանդիսանում՝ նոր հայտնություններ ստանալու համար:  
«Նոր սերունդ» եկեղեցու տնային խմբակների տարածքային ավագ ծառայող
Նարինե Մխիթարյան


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ