Ինչպես ներել հակառակորդին
Տերն ասել է. «Ներե՛ք»:
Ներելու մասին շատ է խոսվել ու գրվել, բայց մարդիկ հաճախ չգիտեն, թե ինպե՞ս ներեն, ի՞նչ անեն ներելու համար:
Հիսուսը հարցնում է՝ «Լսե՞լ էք, որ ասվեց, սիրի՛ր քո դրացուն և ատի՛ր քո թշնամուն»: Մատթ. 5:43:
Այո, Հին Ուխտի ժամանակ ժամանակ Աստված Ինքն է ասել՝ ատի՛ր քո թշնամուն: Բայց երբ եկավ Հիսուսը, խաչը բարձրացավ և մաքրեց Իրեն հավատացողների մեղքերը, արդեն նոր պատվիրան եղավ.
«…Բայց Ես ասում եմ ձեզ, սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին»: Մատթ. 5:44:
Եթե մեկը քեզ վատություն է արել, քո մարդկային բնույթը ստիպում է քեզ, որ ատես նրան: Բայց Հիսուսը ցույց է տալիս առավել կատարյալ ճանապարհը՝ ներել և սիրել: Եվ դա Հիսուսը հիմնավորում է Աստծո հետ համեմատելով.
«Ուրեմն դուք կատարյալ եղեք, ինչպես կատարյալ է ձեր Հայրը, որ երկնքում է»: Մատթ.5:48:
Եթե Հիսուսն ասում է՝ կատարյալ եղեք, նշանակում է դա հնարավոր է: Իսկ ո՞րն է ներելու մեխանիզմը:
«Եվ նրանց, ում նախասահմանեց, նաև կանչեց, և ում կանչեց, նաև արդարացրեց, և ում արդարացրեց, նաև փառավորեց: …Ուրեմն ո՞վ կարող է որևէ մեղադրանք բերել Աստծո ընտրյալների դեմ: Աստված Ինքն է, որ արդարացնում է»: Հռոմ.8:30,33:
Այստեղ առանցքային բառը արդարացնելն է: Այն կրկնվում է երեք անգամ: Աստված արդարացնում է: Աստծո կատարյալ լինելը այստեղ արտահայտվում է հենց նրանով, որ Նա արդարացնում է: Մենք պետք է կատարյալ լինենք մեր երկնային Հոր նման, այսինքն մենք պետք է կարողանանք արդարացնել նրան, ում վրա բարկացել ենք, ումից վիրավորվել ենք:
Երբ դու բարկացած ես մեկի վրա, սատանան օգտվում է դրանից և ստիպում է մեղադրել այդ մարդուն: Բայց կա նաև հակառակ կողմը՝ Սուրբ Հոգին քեզ օգնում և ուժ է տալիս, որպեսզի արդարացնես նրան: Եթե կարողանում ես արդարացնել դիմացինիդ, ուրեմն զորեղ մարդ ես և նմանվում ես Աստծուն:
Արդարացրու թշնամուդ, և կտեսնես, որ կարողանում ես ներել:
Երբ կռվում ես մեկի հետ, գիտակցությունդ մթագնում է և փորձում ես նորանոր փաստարկներ գտնել նրան մեղադրելու համար: Հաղթահարի՛ր այդ վիճակը և փորձիր արդարացնել նրան: Արդարացնելու համար շատ բան պետք չէ, հարկավոր է մի փոքր մտածել: Հասկացիր նրան, հիշիր նրա արած լավ գործերը, գտիր նրա պահվածքի պատճառները: Երբ արդարացնես ու ներես, բոլորովին պարտադիր չէ, որ վերականգնես նրա հետ քո նախկին հարաբերությունները: Դա քո գործն է, որոշողը դու ես: Բայց ներել պարտավոր ես:
Ների՛ր, և կմտնես Աստծո փառքի մեջ:
Սիրի՛ր մարդկանց, դա դժվար չէ: