Ինչպիսի՞ աղոթքը կարող է դառնալ քո խնդրի լուծման բանալին
Աղոթքը ցանկացած իրավիճակից դուրս գալու բանալին է։ Ճիշտ է, աղոթքը պարտադրող է, բայց միևնույն ժամանակ այն զորություն է։ Ինչպես էլեկտրական սարքերը առանց էներգիայի օգտագործման պիտանի չեն, այնպես էլ քրիստոնյաների կյանքում առանց աղոթքի ոչ մի փոփոխություն չի կարող լինել։
Իսկ աղոթքի համար պետք է պայքարել հենց աղոթքով, քանի որ սատանան ամեն միջոց կձեռնարկի՝ խոչընդոտելու համար, որովհետև ինքը գիտի, որ, եթե դու սկսես աղոթքի կյանքով ապրել, զուգահեռաբար կսկսվի իր վերջը: Մենք պետք է սիրենք աղոթելը, որպեսզի կարողանանք դեմ կանգնել սատանային։ Իսկ դրա համար պետք է սովորենք աղոթել։
Երբ սկսես աղոթել, Աստծո խոստումները կգան քո կյանքի մեջ, որն էլ հենց իրական օրհնությունն է:
Աղոթքը գեղեցիկ, ալեգորիկ բառերի կապակցություն չէ, այն պետք է հիմք ունենա։ Երբ Հիսուսին իր աշակերտները մոտեցան և խնդրեցին իրենց աղոթել սովորեցնել, Հիսուսը նրանց տերունական աղոթքը սովորեցրեց ։ Այս աղոթքը բանաձև է, բայց մենք պետք է իմանանք, թե որ ժամանակ և որ խնդրի համար ինչպես աղոթել, , քանի որ յուրաքանչյուր իրավիճակ իրեն համապատասխան աղոթքի ձև է պահանջում։
Նա որ իր մարմնի օրերումը աղօթք եւ աղաչանք սաստիկ աղաղակով եւ արտասուքով մատուցանում էր նորան որ կարող էր ազատել նորան մահից. (Եբր. 5: 7)
Եբրայեցիների թղթի այս համարում մենք տեսնում ենք, որ Հիսուսը աղոթում էր սաստիկ աղաղակով։ Նման աղոթքի մեջ զորություն կա։ Այսպիսի աղոթքը նման է ուժեղ հոսանքի, որին սատանան չի համարձակվի մոտենալ։
Արդ աղաչում եմ, ամենից առաջ աղօթք անել, խնդրուածք, աղաչանք, գոհութիւն ամեն մարդկանց համար: (1Տիմ. 2:1)
Կան աղոթքի տարբեր տեսակներ: Ամեն մի աղոթք մի բանալի է՝ համապատասխան իրավիճակում տվյալ դուռը բացելու և խնդիրը լուծելու համար: Ամեն մի դուռ ունի իր բանալին. աղաչանքի բանալիով չես կարող բացել այն խնդրի դուռը, որը պետք է բացել պատերազմով և նույն էլ հակառակը:
Ամեն մի խնդրի լուծում ունի իր բանալին, որոնք տարբերվում են միմյանցից, սակայն նրանք բոլորն էլ ունեն մեկ ընդհանրություն, որն է հավատքը: Հավատքը վստահություն է, ու ցանկացած բանալի օգտագործելիս՝ դու պետք է վստահ լինես: Իսկ ինչի՞ վրա է հիմնված հավատքը, որտեղի՞ց է գալիս վստահությունը։ Վստահությունը գալիս է, երբ դու Աստծո խոսքի հիմքի վրա խոստմունք ունես:
Աստծո Խոսքը իրավունք է տալիս քեզ, որ դու վստահես ու պատկերացնես քո աղոթքի պատասխանը: Այսինքն լավ աղոթելու համար հարկավոր է Աստծո Խոսքի լավ իմացություն, որպեսզի այն օգտագործես որպես հիմք:
Սեփական լրատվություն