Իրական քրիստոնեությունը գործով է ապացուցվում
Այս դեպքը տեղի է ունեցել մի հովվի կյանքում, ում անունն է Երեմիա Սթեփեք:
Նրան պետք է հովիվ նշանակեին 10 հազար անդամ ունեցող մի եկեղեցում և այդ կարևոր ու պատասխանատու օրը վերջինս որոշել էր եկեղեցի գնալ թափառականի տեսքով:
Մինչ մարդիկ կհավաքվեին, նա շրջում է եկեղեցու տարածքով, ողջունում մարդկանց, որոշներից գումար խնդրում, սակայն շատ քչերն են նրան բարևում և առհասարակ ուշադրություն դարձնում: Երբ նա ներս է մտնում եկեղեցի և ցանկանում զբաղեցնել իր համար՝ որպես հովիվ, նախատեսված տեղը, ծառայողները թույլ չեն տալիս առաջանալ և խնդրում են, որ վերջում նստի:
Այսպիսով, երբ բոլորը հավաքվում են, ծառայությունը սկսվում է: Եվ ահա այն պահին, երբ բոլորի կողմից շատ սպասված հովիվը պետք է բեմ բարձրանա, բեմում հայտնվում է թափառականի հագուստով անծանոթը և սկսում կարդալ Մաթևոսի Ավետարանի հետևյալ խոսքերը.
«Այն ժամանակ թագավորը կասի իր աջ կողմիններին. «Եկեք, ով իմ Հոր օրհնածներ, ժառանգեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորութունը։ Որովհետև սոված էի՝ հաց տվեցիք, ծարավ էի, խմեցրիք, օտար էի, ինձ ձեզ մոտ առաք, մերկ էի, հագցրեցիք, հիվանդ էի, այցելեցիք, բանտի մեջ էի, ինձ մոտ եկաք»։ Այն ժամանակ արդարները կպատասխանեն նրան և կասեն. «Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված, և կերակրեցինք, կամ ծարավ, և խմեցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ օտար, և մեզ մոտ առանք, կամ մերկ, և հագցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ հիվանդ, կամ բանտի մեջ, և եկանք քեզ մոտ»։ Թագավորն էլ կպատասխանի և կասի նրանց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք»։
Այն ժամանակ կասի ձախ կողմիններին էլ. «Ինձանից դեն գնացեք, ով անիծյալներ, հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար։ Որովհետև ես սովեցի, և դուք չտվեցիք ինձ ուտել, ծարավեցի, և ինձ չխմեցրիք։ Օտար էի, և ինձ ձեզ մոտ չառաք, մերկ, և ինձ չհագցրիք, հիվանդ և բանտի մեջ, և ինձ չայցելեցիք։ Այն ժամանակ նրանք էլ կպատասխանեն և կասեն. Տե՛ր, քեզ ե՞րբ տեսանք սոված, կամ ծարավ, կամ օտար, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտի մեջ, և քեզ ծառայություն չարինք։ Այն ժամանակ կպատասխանի նրանց և կասի. Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ որովհետև այս փոքրերից մեկին չարիք, ինձ էլ չարիք» (Մատթևոս 25.34-44):
Կարդալով Աստվածաշնչյան այս տողերը՝ հովիվն իր խոսքն ուղղում է մարդկանց՝ պատմելով այդ օրվա իր որոշման և դրա հետևանքների մասին:
Եկեղեցու անդամներն, իմանալով, թե ինչպես են վարվել իրենց հովվի հետ՝ գլուխներն ամոթահար կախել էին, ոմանք էլ պարզապես արտասվում էին…
Այս խոսքերով հովիվն ավարտում է այդ օրվա հավաքույթն. «Այսօր, ես տեսնում եմ պարզապես մարդկանց հավաքույթ, ոչ թե Հիսուս Քրիստոսի եկեղեցի: Աշխարհում շատ են մարդիկ, իսկ աշակերտները՝ քիչ… Ե՞րբ վերջապես կորոշեք աշակերտներ դառնալ»:
Թո՛ղ սա լինի մեզ համար օրինակ և հիշեցում, որ քրիստոնյա լինելն ավելին է, քան այն, ինչ ուղղակի խոսում ենք: Դա այն է, ինչով ապրում ենք և տալիս ուրիշներին:
Քրիստոնյա լինել չի նշանակում խոսել միայն Քրիստոսի մասին, իրական քրիստոնեությունը գործով է ապացուցվում: