Իրանում ձերբակալված է հայազգի հովիվ Ռոբերտ Ասերյանը

Իրանում ձերբակալված է հայազգի հովիվ Ռոբերտ Ասերյանը
Վերջին ժամանակներս Իրանի իսլամական ռեժիմի կողմից քրիստոնյաների նկատմամբ ուժեղացվող ճնշումների արդյունքում, քրիստոնեության տարածումը կանխելու նպատակով Իրանի անվտանգության մարմինները հետապնդումներ են իրականացրել հովիվ Ռոբերտ Ասերյանի նկատմամբ և ձերբակալելու մտադրությամբ մտել են հովվի տուն: Հովվին տանը չգտնելով, նրանք գնացել են AOG եկեղեցի, որտեղ այդ պահին ծառայություն էր կատարում Ռոբերտ Ասերյանը: Հովվին անմիջապես ձերբակալել են և տարել անհայտ ուղղությամբ:
Համաձայն Mohabat News գործակալության հաղորդագրության, անվտանգության մարմինները մանրազնին խուզարկություն են կատարել հովվի տանը և առգրավել են նրա մի շարք անձնական իրերը, այդ թվում՝ անձնական համակարգիչը և քրիստոնեական աստվածաբանական գրքեր:
Ռոբերտ Ասերյանը իրանահայ քրիստոնյա հոգեբան, հեղինակ և թարգմանիչ է: Նա նաև Թեհրանի Աստծո Եկեղեցի կենտրոնական վեհաժողովի ղեկավար Խորհրդի անդամ է, պարսկախոս AOG եկեղեցում ծառայում է որպես Աստվածաշնչյան դպրոցի ուսուցիչ և կառավարիչ: Թարգմանել է քրիստոնեկան աստվածաբանական բազմաթիվ գրքեր:
Նրա ձերբակալությունից հետո եկեղեցու ամենշաբաթյա պաշտամունքները դադարեցվել են: Տեղացի քրիստոնյաներից մեկը լրատվական գործակալությանը հայտնել է, որ հերթական հավաքին գնալով եկեղեցու դռները փակ է գտել: Իրեն հայտնել են, որ հավաքներ տեղի չեն ունենա անորոշ ժամանակով:
Հովվի ձերբակալմանը բավականին ժամանակ նախորդել էին հետապնդումները Թեհրանի AOG եկեղեցու նկատմամբ և հավանական է, որ եկեղեցու ծառայությունները կարգելվեն և եկեղեցին շուտով կփակվի:
 
Ըստ http://mohabatnews.com կայքի:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ