Ջանքի մեջ մի՛ թուլացիր
Պատահե՞լ է, որ քեզ մերժեն. մերժի սիրած աղջիկը կամ տղան, մերժեն և չընդունեն աշխատանքի, մերժեն որևէ այլ հարցում: Իհարկե պատահած կլինի: Սակայն Հիսուսը չի մերժում ոչ մեկին: Նա կանչում է բոլորին:
Հաճախ «կանչված» ասելով հասկանում ենք, որ պիտի լինենք հովիվներ, մարգարեներ, վարդապետներ… Բայց բոլորը չեն, որ կարող են լինել հովիվ, մարգարե կամ վարդապետ: Սակայն բոլորը կանչված են Տիրոջ անունը կրելու: Աստված ամեն մեկիս պարգևներ է տվել, և մենք այդ ունակություններով պիտի ծառայենք Տիրոջը, ծառայենք մարդկանց, Բարի Լուրը տարածենք:
«Ուստի աղաչում եմձեզ, ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, որ դուք այնպես քայլեք, ինչպես վայել է այն կոչմանը, որի մեջ կանչվեցիք… ջանալով Սուրբ Հոգու միաբանությունը պահել խաղաղության կապով»: Եփ. 4:1,3:
Հոգու միաբանությունը պահելու համար պետք է ջանք անենք: Աստված մեզ բազմաթիվ պարգևներ է տվել, բայց ամենամեծ պարգևը Սուրբ Հոգին է: Մենք պետք է ջանք անենք այդ պարգևները Աստծու նպատակներին ծառայեցնելու համար.
«Անհոգ մի լինիր այն քեզանում եղած շնորհքի համար. որ քեզ տրուեց մարգարէութիւնով երիցութեան ձեռնադրութեամբ»: 1Տիմ.4:14:
Մենք չպետք է անհոգ լինենք Աստծո պարգևների նկատմամբ: Այլ ըդհակառակը՝ «վարժեցնենք մեր անձը աստվածապաշտության» (1Տիմ4:7): Հովսեփը բազմաթիվ փորձություններով անցավ, բայց հավատարիմ մնաց Աստծուն, իր անձը վարժեցրեց աստվածապաշտությանը և Աստված կատարեց նրա վերաբերյալ Իր նպատակները:
Աստվածապաշտությունն օգտակար է ամեն բանի համար, բայց պետք է ջանք գործադրենք, ծույլ չլինենք: Կարդալ Աստծո Խոսքը՝ սա վարժանք է աստվածապաշտության համար:
Ծուլության մասին շատ բան կա գրված Աստվածաշնչում.
«Աշխատասէրների ձեռքը կիշխէ, բայց ծույլը հարկատու կլինի»: Առակ.12:24:
Ծույլ մարդը կախված կլինի հանգամանքներից, իսկ աշխատասերը կփոխի այդ հանգամանքներն ի օգուտ իրեն:
«Ծույլն ասում է. Ճանապարհին առիւծ կայ, հրապարակների մէջ՝ առիւծ»: Առակ.26:13:
Ծուլությունը հավատի տեսակ է: Այն պատկերներ է ստեղծում ու ստիպում, որ վախենաս այդ պատկերներից և ոչինչ չանես:
Ծույլ մարդը Աստծո Արքայություն էլ չի մտնի.
«Օրէնքը եւ մարգարէները մինչեւ Յովհաննէսն են. Նորանից յետոյ Աստուծոյ արքայութիւնն է աւետարանվում, եւ ամեն մարդ ջանք է անում ուժով մտնել նորա մէջ»: Ղուկ.16:16:
Ջանք անողը կստանա Աստծո օրհնությանը այս կյանքում և կարժանանա Աստծո խոստմանը հավիտենական կյանքի մասին: Աստված ինքն է հորդորում, որ ջանք անենք.
«Ես որոնց որ սիրում եմ յանդիմանում եմ, եւ խրատում եմ. Ուրեմն ջանք արա եւ ապաշխարիր»: Հայտ. 3:19:
Մեղքը հաճախ սովորություն է դառնում և քիչ հավանական է, որ մի անգամ լացելով ու ապաշխարելով կարող ես հաղթահարել այդ սովորությունը: Անհրաժեշտ է հետևողականորեն ջանք անել:
«Եթէ կացինը բթացել է, եւ նա չսրէ նորա բերանը, այն ժամանակ նա պէտք է ոյժը զօրացնէ, եւ յաջողութեան շահն իմաստութիւնն է»: Ժող.10:10:
Ուրեմն եղի՛ր իմաստուն՝ դիմի՛ր Հիսուսին, կարդա Աստծո Խոսքը, ջանքի մեջ մի թուլացիր և Աստծո օրհնությունը չի լքի քեզ:
«Ջանքի մէջ մի՛ թուլացեք. Հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեցեք»: Հռոմ.12:11:
Գոռ Կարապետյանի քարոզից:
Սեփական լրատվություն