Ջուրն ու փլավը: Առակ
Շատ տարիներ առաջ մի ժայռի տակից աղբյուր բխեց:
Մի քանի համարձակներ համտեսեցին աղբյուրի ջուրը ու լցվեցին սիրով, հույսով, ուրախությամբ և իմաստությամբ: Ջուրը տվեցին հիվանդներին,հիվանդները բժշկվեցին: Ջրից կաթեցրին մեռյալների շուրթերին, մեռյալները կենդանացան:
Մարդիկ հասկացան, որ դարերով երազած, հեքիաթներում գովերգված Անմահական Ջուրն այլևս իրականություն է:
Ջրի համբավն արագ տարածվեց շրջակա գյուղերում ու քաղաքներում: Բյուրավոր մարդիկ գալիս էին աղբյուրի Ջուրը խմելու: Ջուրն առաջինը համտեսողները դարձան Ջրի սպասավորներ: Նրանք մարդկանց օգնում էին աղբյուրից ջուր վերցնել: Ովքեր չէին կարողանում գալ աղբյուրի մոտ, սպասավորներն իրենք էին ջուրը տանում աշխարհով մեկ ու բաժանում բոլորին, ովքեր դրա կարիքն ունեին:
Անցան տարիներ: Առաջին սպասավորներն ընդմիշտ հեռացան դեպի Ջրի Ակունքը: Նրանց փոխարինեցին նորերը, սրանց էլ՝ ուրիշները:
Իսկ Ջրի կարիքն ունեցող մարդիկ գալիս էին ու գալիս:
Ամեն տարի աղբյուրի մոտ հատկապես բազմամարդ էր լինում աղբյուրը բխելու տարեդարձի օրը: Այդ օրը փառավոր տոնը տոնելու էին գալիս ամբողջ աշխարհից: Ջրի սպասավորները մարդկանց ոչ միայն Ջուր էին տալիս, այլև կերակրում էին տարբեր տոնական ուտեստներով:
Մի անգամ նրանք փլավ եփեցին: Տոնական տրամադրության համար փլավին չամիչ խառնեցին: Փլավը շատ դուր եկավ ամբոխին: Ու ամեն տարի չամիչով փլավ եփելը դարձավ ավանդույթ: Աղբյուրի տարեդարձներին մարդիկ սկսեցին գալ աղբյուրի մոտ ոչ միայն Ջուրը խմելու, այլև փլավ ուտելու: Փլավն աստիճանաբար դարձավ ավելի կարևոր, քան Ջուրը: Ի վերջո Ջրի մասին իսպառ մոռացան ու ամեն տարի հավաքվում էին միայն փլավ ուտելու համար: Իսկ եթե մեկը փորձեր հիշեցնել Ջրի մասին, և՛ սպասավորները, և՛ ամբոխը նրան թշնամի էին համարում ու հալածում:
Փառք Տիրոջը, մենք հիշում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսն է կյանք պարգևողը ,և Ծննդյան տոնը Հիսուսի Սուրբ Ծննդյան տոնն է: Թող փլավն էլ, ձուկն էլ, ներկած ձվերն ու շատ այլ կերակուրներն անուշ լինեն մեզ, բայց չմոռանանք, որ Կենաց Ջուրը Հիսուս Քրիստոսն է:
Աշոտ Հովսեփյան