Կամուրջ դեպի կյանք
Քրիստոսի աշակերտները Նրա Հարությունն էին քարոզում: Հարությունն էր մեծագույն հրաշքը: Հարությունն էր, որ մարդկանց տարավ մահից դեպի կյանք:
«Նոր սերունդ» եկեղեցու այսօրվա՝ օգոստոսի 4-ի պատգամախոսը Հրազդանի «Վերածնունդ» եկեղեցու հովիվ Արտավազդ Ղազարյանն էր: Լինելով մաթեմատիկայի մասնագետ, քարոզիչը մաթեմատիկական ճշգրտությամբ ցույց տվեց, որ փրկությանը արժանանալու համար պետք է Քրիստոսի հետ հարություն առնել: Իսկ հարությունը հնարավոր է միայն մահից հետո: Ուրեմն պետք է մեռնի հին, մեղավոր մարդը, որ հարություն առնի նոր մարդը, որի մեջ Հիսուսն է ապրում:
Իր խոսքն ընկալելի դարձնելու նպատակով հովիվ Արտավազդը մի գեղեցիկ օրինակ բերեց իր հայրենի գյուղի՝ Բջնու պատմությունից:
Այնտեղ մի անառիկ ամրոց կա՝ ձորի բերանին: Ձորի մյուս կողմում դաշտեր են: Մի պաշարման ժամանակ, երբ արդեն փրկության հույսը սպառվում էր, ամրոցի անվեհեր բնակիչներից մեկը մի պարան է կապում մեջքին, իջնում է ձորը, անցնում է թշնամու բանակի միջով, բարձրանում ձորի մյուս կողմը, ձգում պարանը ձորի վրայով: Ստեղծվում է «պարանե» կամուրջ դեպի փրկություն: Ամրոցի բնակիչներն այլևս կարիք չունեին կրկնել նույն սխրանքը, նրանք ուղղակի պիտի վստահեին պարանի ամրությանը և դրանով անցնեին դեպի փրկություն: Բայց անցնելու համար պետք է ամրոցում թողնեին իրենց տներն ու ունեցվածքը, այսինքն՝ իրենց հին կյանքը:
Հիսուսը մեր փրկության կամուրջն է: Անցյալում թողնելով մեղավոր կյանքը՝ մեռնելով մեղքի համար և վստահելով փրկարար կամուրջին անցնում ենք դեպի կյանք, դեպի փրկություն:
Ծառայության ավարտին հովիվ Արտավազդ Ղազարյանը սիրով պատասխանեց «Նոր սերունդ» եկեղեցու լրատվական ծառայության հարցերին:
- Շնորհակալություն ենք հայտնում օծված ու բովանդակալից խոսքի համար: Մամուլի Ձեր հրապարակումներից հստակ երևում է, որ Դուք ամուր ու բարոյական ընտանիքի ջատագովն եք: Այդ ենթատեքստում ի՞նչ կարծիքի եք այսպես կոչված «գենդերային հավասարություն հաստատող» տխրահռչակ օրենքի մասին:
- Անկեղծ ասած, առանձնապես չեմ հետևում քաղաքական կյանքին, բայց սեռը որպես ձեռքբերովի հատկանիշ հռչակելը բացարձակ անօրինություն է:
- Ունե՞ք արդյոք քրիստոնեական «դեղատոմս», որով կարելի է պայքարել վերջին ժամանակներս հայ հասարակությանը փոթորկող բազմաթիվ սկանդալների ու անարդարությունների դեմ:
- Ամեն քաղաքական հարցի միակ լուծումը եկեղեցու բարձրացումն է: Եթե կա խավար, ապա պետք բարձրացնել Լույսը:
- «Նոր սերունդ» եկեղեցին կարո՞ղ է հուսալ, որ երկու եկեղեցիների փոխադարձ ծառայությունները կկրեն շարունակական բնույթ:
- Իհարկե: Հովիվ Տիգրան Թադևոսյանի հետ մեր համագործակցությունը վաղուց է սկսվել և անպայման պետք է շարունակվի:
«Նոր սերունդ» եկեղեցու մամլո լրատվություն