Կասկածն ընդդեմ հավատքի
Ադամն ու Եվան հավատքով երջանիկ ապրում էին Եդեմում, քանի դեռ օձը Եվայի սրտում չէր սերմանել կասկածը: Հենց կասկածն էլ խարխլեց հավատքն ու դարձավ անեծքի պատճառ:
Ապրիլի 28-ի քարոզում հովիվ Տիգրան Թադևոսյանը վեր հանեց կասկածի վտանգավոր էությունը որպես սատանայի գործիք, դրա վնասակար ազդեցությունը հավատքի վրա և դրա դեմ պայքարելու եղանակները:
«Եհովայ Աստուածն առաւ մարդը, եւ դրաւ Եդէմի պարտէզումը, որ նա նորան մշակէ եւ պահէ»։ ԾՆ.2:15:
Հետևաբար Ադամից պահանջվում էր ոչ միայն մշակել, այլև պահպանել պարտեզը: Հարց է առաջանում՝ ումի՞ց պահպանել: Քանի որ այլ մարդ դեռ չկար, ուրեմն պետք էր պահպանել սատանայից: Ադամը չկարողացավ պահպանել պարտեզը, նա հնազանդ չեղավ Աստծո Խոսքին, նրա հավատքը խարխլվեց կասկածով:
Կասկածը հավատքի թշնամին է: Իսկ հավատքը քո ձեռքն է, որով կարող ես վերցնել օրհնությունները Աստծո սեղանից: Որքան մեծ է հավատքը,այնքան երկար է ձեռքը, որքան փոքր է հավատքը, այնքան երկար է լեզուն,- կատակեց հովիվը:
Որպես կասկածի դեմ պայքարելու միջոցներ հովիվը նշեց աղոթքի մեջ հարատևելը, մշտապես Աստծո խոսքը կարդալը, հզոր դավանությունները: Սատանայի կրակոտ նետերից պաշտպանվում են Աստծո սպառազինությամբ՝ փրկության սաղավարտով ու հավատքի վահանով (Եփես. 6:16):
Կիրակնօրյա ծառայությունն ավարտվեց աղոթքով բոլոր հիվանդների բժշկության համար:
«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն