Խաչը խաչի դեմ

Խաչը խաչի դեմ
«Նոր սերունդ» եկեղեցու հունիսի 22-ի հյուրը և կիրակնօրյա պատգամախոսն էր Լաս Վեգասի հայկական եկեղեցու հովիվ Ներսես Կոպալյանը: Նա խոսեց մեր կյանքերում Հիսուսի կենդանի լինելու անհրաժեշտության մասին:
Շատերը սիրում են խաչ կախել պարանոցից: Խաչի վրա կարող է պատկերված լինել նաև խաչյալ Հիսուսը: Խաչի վրա Հիսուսը մահացած էր:
Խաչեր էլ կան, որ ուղղակի խաչ են, առանց խաչյալ Հիսուսի: Այսինքն՝ Հիսուսն արդեն հարություն է առել, Նա կենդանի է:
Հավատացյալի համար անչափ կարևոր է, թե իր կյանքում Հիսուսը կենդանի՞ է արդյոք, թե՞ մահացած:
Երբ Հիսուսը մահացել էր կամ նոր էր գնում խաչվելու, բոլորը հեռացել էին Նրանից: Նույնիսկ Պետրոսը, որ մինչ այդ պաշտպանում էր Նրան և հանուն Նրա կտրեց զինվորի ականջը, Նրա մահվանից առաջ ուրացավ Նրան:
Սակայն երբ ստացավ Հիսուսի հարության լուրը, վազում էր դեպի Նա: Ավելին, երբ Հիսուսը հարություն առավ, նույն Պետրոսը առանց վարանելու սկսեց քարոզել տաճարում՝ թշնամիների մեջ:
Եթե Հիսուսը մահացած է մեր կյանքում, խուճապ է առաջանում, բայց երբ Տերը կենդանի է, խաղաղություն է գալիս:
Մահացած Հիսուսով հավատքը դառնում է կրոն:
Իսկ եթե Հիսուսը կենդանի է մեր կյանքում, ապա Նրան ծառայում ենք հավատով ու Աստծո զորությամբ:
Եթե Հիսուսը կենդանի է քո կյանքում, ապա երկարիր ձեռքդ, ու կհպվես Նրան: Քայլ արա դեպի Նա և Ինքն էլ կգա քեզ ընդառաջ, կգրկի քեզ ու կօրհնի:
Այսպիսին էր հովիվ Ներսես Կոպալյանի կիրակնօրյա քարոզի էությունը՝ հիմնավոր, խորը և մտորելու տեղիք տվող: Հավելենք, որ քարոզիչն իր խոսքը համեմել էր աստվածաշնչյան համարներով, համով կատակներով և սեփական կյանքի հրաշալի վկայություններով:
Սեփ. լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ