Խաղաղությունն իշխանություն ունի

Խաղաղությունն իշխանություն ունի

«Նոր սերունդ» եկեղեցու ավագ ծառայող Նարինե Մխիթարյանի խոսքը միշտ օժտված է եղել հետևողականությամբ, խորությամբ, տրամաբանությամբ և մեծ սիրով: Մայիսի մեկի իր կիրակնօրյա պատգամը նա նվիրել էր խաղաղության թեմային:

Մենք ամենքս խաղաղության կարիք ունենք: Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց ամեն տուն մտնելիս ասել՝ «Խաղաղություն այս տանը» (Ղուկ.10:5): Հատկապես մեր ժամանակներում, երբ օրերը չար են և խնդիրները շատացել են, խաղաղության կարիքը ավելի է մեծացել:

Խաղաղության իշխանը Հիսուսն է (Ես.9:6): Միայն Հիսուսը կարող է խաղաղություն պարգևել:

Մարդուն արարելիս Աստված ուզում էր, որ նրա հետ ունենա խաղաղ ու ներդաշնակ հարաբերություններ: Բայց օձը չհանդուրժեց դա: Նա անհնազանդության դրդեց Եվային ու Ադամին: Նրանք մեղք գործեցին և խզվեց կապը Աստծո հետ: Մարդը կորցրեց խաղաղությունը: Մարդը դարձավ մարմնավոր, որի խորհուրդը մահն է, իսկ հոգու խորհուրդը խաղաղությունն է (Հռոմ.8:6):

Բայց Հիսուսը քանդեց մեղքի պատը և խաչի միջոցով խաղաղություն հաստատեց: Աստծո Խոսքն ասում է, որ մաքրենք մեր սրտերը, խոնարհվենք խաչի առաջ, հաղորդակցվենք Աստծո հետ, և կվերականգնվի մեր խաղաղությունը: Որովհետև Նա է, որ կարող է մեզնից հեռացնել ամեն խնդիր, ամեն ցավ, չարություն, նախանձ ու բարկություն և պարգևել խաղաղություն:

Փոթորկի ու ալեկոծության ժամանակ Հիսուսը սաստեց քամուն և ծովին, «և մեծ խաղաղություն եղավ» (Մարկ. 4:39): Հիսուսն ինքը հանգիստ էր, հոգս չէր անում, ուներ ներքին խաղաղություն և ուներ անսահման իշխանություն ամեն բանի վրա:

Հավատն ու խաղաղությունը իշխանություն են տալիս: Եվ մենք, ապրելով այս փոթորկալից ու ալեկոծ ժամանակաշրջանում, կարող ենք հավատով վեր կանգնել ամեն փոթորկից ու խնդրից ու վստահ լինել, որ ամեն խնդիր իր լուծումն ունի: Մենք հաղթող ենք խաղաղությամբ: Մենք հաղթող ենք Հիսուսով: Ու կդադարեն ալիքները, քանի որ.

«Աստծո խաղաղությունը, որ ամեն հասկացողությունից վեր է, պիտի պահի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով …և խաղաղության Աստվածը ձեզ հետ պիտի լինի» (Փիլ.4:7,9):

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ