Խաղաղությունը հաղթություն է տալիս
Հիսուսը գնում էր խաչելության, նա մենակ էր, բայց խաղաղ էր ու գնում էր հաղթությամբ.
«Ահա ժամանակ կ’գայ, եւ հիմա եկած է, որ ամեն մէկդ կ’ցրուիք իր տեղը, եւ ինձ մինակ կ’թողէք. բայց ես մինակ չեմ. Որովհետեւ Հայրն ինձ հետ է։ Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղութիւն ունենաք. աշխարհքումը նեղութիւն կ’ունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին»։ Հովհ. 16:32-33:
Խաղաղությունը Նրան հաղթություն էր տվել: Հիսուսն ուներ «Աստծո խաղաղությունը, որ ամեն հասկացությունից վեր է» (Փիլիպ. 4:7): Ու ցանկանում էր այդ խաղաղությունը թողնել աշակերտներին.
«Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ»։ Հովհ. 14:27:
Խաղաղությունն ունի զորություն: Խաղաղությունը պատերազմի զորավոր գործիք է: Երբ Հիսուսին տանջում էին, ծեծում էին, ծաղրում էին, խաղաղությունն էր Նրան պահում: Անգամ երբ խաչում էին, Նա խաղաղություն ուներ, որ կարողացավ ասել՝ «Հայր, ներիր նրանց...»:
Հիսուսի խաղաղությունը հաղթություն է բերում պատերազմում, հաղթություն է բերում ցանկացած իրավիճակում:
Աշխարհն էլ խաղաղություն ունի, բայց այն խաղաղությունը, որը տալիս է Հիսուսը, համեմատության եզրեր չունի աշխարհի խաղաղության հետ: Աշխարհի խաղաղությունը նման է նարկոզի, որպեսզի չզգաս սատանայի պատճառած ցավը:
Մի փնտրեք խաղաղությունը աշխարհում: Աշխարհը չունի այն խաղաղությունը, որ տալիս է Հիսուսը՝ աստվածային խաղաղությունը:
Աստված էժանագին ընծա չի տալիս: Աստված տալիս է լավագույնը: Բայց Նա Իր խաղաղությունը տալիս է նրանց, ովքեր արժանացել են դրան.
«Եւ արդարութեան պտուղը խաղաղութիւնով է սերմվում նորանց համար, որ խաղաղութիւն են անում»։ Հակ.3:18:
Խաղաղություն արա և կստանաս Նրա խաղաղությունը: Ու կհաղթես ամեն իրավիճակում, այնպիսի իրավիճակներում, որ աշխարհում անհաղթահարելի են թվում: Անգամ ծանր հիվանդությունների ու կորուստների դեպքում:
«Դու նորանց կ’որոնես, բայց չես գտնիլ՝ այն քեզ հետ կռիւ անող մարդկանցը»։ Ես. 41:12:
Կորոնես քո դժվարությունները, քո հիվանդությունները, քո թշնամիներին ու չես գտնի: Աստծո խաղաղությունը հաղթություն կբերի:
Հովիվ Տիգրան Թադևոսյան