Խելագար՝ Քրիստոսի համար

Խելագար՝ Քրիստոսի համար

«Մենք հիմար ենք Քրիստոսի համար, իսկ դուք՝ իմաստուն Քրիստոսի մեջ»: 1Կոր.4:10:

Հիմար բառն առաջին հայացքից շատ վիրավորական, տհաճ բառ է: Բայց ուրիշ թարգմանություններում գրված է խենթ, խելագար, խելակորույս:

Շատ քրիստոնյաներ հավատքում իրենց զուսպ են պահում: Բայց ամբողջ Աստվածաշունչը վկայում է, որ Աստված սիրում է նրանց, ովքեր խելագարի պես են նվիրված Իրեն:

Հիսուսն ասաց՝ «Ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի»: Մարկ.4:24:

Սա կարելի է ընդունել որպես նախատինք: Հիսուսին սիրելիս, Հիսուսին ծառայելիս չափ չի կարող լինել: Հիսուսին պետք է անսահման սիրել, անչափ շատ նվիրվել:

Հավատացյալներից շատերը նախկինում խելագարի պես են մեղք գործել, խելագար են եղել մեղքի համար: Ոչ ոք և ոչինչ չէր կարող նրանց կանգնեցնել: Ու ինչպես նախկինում մեղք էինք գործում խելագարի պես, նույն կերպ հիմա պետք է խելագարի պես ծառայենք Հիսուսին և Ավետարանը տարածենք:

Մենք չենք քարոզում, որպեսզի փրկվենք: Մենք փրկվել ենք, որպեսզի քարոզենք:

Աշխարհը խելագարի պես ընկղմվում է մեղքի մեջ: Գիտությամբ, իմաստությամբ, դաստիարակությամբ անհնար է ազատվել մեղքից: Մեղքից ազատվել հնարավոր է միայն մեկ այլ խելագարությամբ՝ Հիսուսին անվերապահ նվիրվելով, Աստծո Խոսքը «գժի պես» քարոզելով:

Ի՞նչ է նշանակում խելագարի պես.

«Ինչպես ձեր անդամները ծառա ներկայացրիք պղծությանն ու անօրենությանը՝ անօրէնության համար, նույնպես էլ հիմա ձեր անդամները ծառա ներկայացրեք արդարությանը՝ սրբանալու համար»: Հռոմ.6:19:

«Որովհետև Նրանից և Նրանով և դեպի Նա է ամեն բան. Նրան փառք հավիտյան. Ամեն: Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստուծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի, սուրբ եւ Աստուծո ընդունելի պատարագ, որ է ձեր բանավոր պաշտոնը»: Հռոմ.11:36, 12:1:

Եթե դու քո մարմինն իր բոլոր անդամներով ծառայեցնես Տիրոջը, դա կլինի համարժեք պատասխան այն ամենի, ինչ Տերը տվել է քեզ: Երբ դու ասում ես, որ քո սիրտը տալիս ես Աստծուն, դա լավ է, բայց Աստված ասում է, որ Իրեն պետք է նաև քո մարմինն իր բոլոր անդամներով, որպեսզի ծառայի Իր նպատակին: Իսկ Իր նպատակը միակն է՝ մարդկանց փրկությունը:

Իսահակը կարող էր փախչել, Աբրահամը ծեր էր և չէր կարող հասնել նրան: Բայց նա չփախավ, այլ ինքնակամ պառկեց զոհասեղանին որպես կենդանի պատարագ: Ու Աստված օրհնեց Իսահակին:

Եթե մեր մարմինները որպես կենդանի զոհ ծառայեցնենք Աստծուն, եթե մեր ոտքերը գնան Ավետարան քարոզելու, եթե մեր ձեռքերը Աստծո գործերը գործեն, եթե մեր բերանը խոսի Աստծո Խոսքը, եթե մեր աչքերը պիղծ բաներ չնայեն, եթե մեր շուրթեը փառաբանեն Աստծուն, ապա Աստված մեզ էլ կօրհնի, ինչպես օրհնեց Իսահակին:

Տիգրան Թադևոսյանի 07.10.2018թ. կիրակնօրյա պատգամից:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ