Խլես և պոկես, որ շինես և տնկես

Խլես և պոկես, որ շինես և տնկես

«Առանց Աստծո և Աստվածաշունչ մատյանի հնարավոր չէ երկիրը ճիշտ կառվարել»:
Ջորջ Վաշինգտոն, ԱՄՆ առաջին նախագահ:

«Տես, ես քեզ այսօր ազգերի վերայ եւ թագաւորությունների վերայ նշանակեցի, որ խլես եւ պոկես եւ փչացնես ու կորցնես, որ շինես եւ տնկես»: Երեմիա 1:10

Ինքնին այս Խոսքը հեղափոխական է: Այն սահմաններ չունի: Սա սկզբունք է, որ ուղղված է թե՛անհատապես մարդուն, որպես նրա կյանքի կարևորագույն սկզբունքներից մեկը, թե՛ սկզբունք, որով պետք է առաջնորդվի որևէ երկիր՝ ամուր պետականություն կառուցելու համար: Ցանկացած նոր բան կառուցելու համար կամ նոր բան տնկելու համար պետք է սկզբում հինը քանդել, պետք է հին արմատները արմատախիլ անել: 

«Փչացնես»  բառը ցույց է տալիս տրամադրվածությունը, թե ինչպես պետք է վերաբերվել այն հին բաներին, որոնք Աստծո կամքի համեմատ չեն, որոնց հիմքը արդարությունը չէ` անխնա, առանց ափսոսալու:

Հին բաները առանց կռվի չեն հանձնվում: Նրանք միշտ էլ խանգարելու են նոր բաներին և հոժարությամբ չեն զիջելու իրենց դիրքերը: Եթե հինը հոժարակամ իր տեղը չի տալիս, չի հանձնում այն, ինչ պարտավոր է հանձնել, ուրեմն պետք է խլել և փլուզել՝ ասում է Աստվածաշունչը: Այս դեպքում, այստեղ «հանդուրժողականությունը» անտեղի է:

Եթե իրապես ուզում ես նոր, Աստվածային բաները գան քո կյանքի մեջ, մի խնայիր անգամ այն ամենը, ինչը ժամանակին, հին «համակարգի» ժամանակ, աշխատել է ի օգուտ քեզ: 

Զարմանալի է, երբ մարդիկ ուզում են ինչ-որ նոր բան շինել, բայց չեն ուզում լիովին հրաժարվել հնից, հին կարգերից , հին մտածելակերպից, հին սովորույթներից:

Հնի ու նորի համատեղելիությունը բացառվում է: Նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնում, այլապես կպայթի տիկը և կկորչի գինին:

Իսրայելը չկարողացավ մտնել Խոստացյալ երկիրը՝ իր հին մտածելակերպի պատճառով, և Աստված ստիպված, քառասուն տարի պտտելով նրանց անապատում՝ սերնդափոխության համար, նոր սերնդին տվեց Ավետյաց երկիրը:

Ինչքան շուտ հրաժարվենք հին և անպիտան բաներից, այնքան շուտ կկատարվեն Աստծո խոստումները թե՛ մեր կյանքում, և թե՛ մեր երկրում:

Տիգրան Թադևոսյան

04.08.2019թ.


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ