Խոսելու և լսելու զորությունը
Մայիսի 24-ի կիրակնօրյա ծառայությանը «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանիվ խոսքը նվիրված էր խոսելուն և լսելուն: Հովիվը, ելնելով աստվածաշնչյան մի շարք իմաստություններից, ցույց տվեց, որ խոսելն ու լսելը զորություն ունեն:
Սեփական լրատվություն
Աստված ուզում է, որ մենք աղ ու լույս լինենք մեր ընտանիքներում, հարազատների մեջ, շրջապատում: Դրա համար պետք է սովորենք ճիշտ հարաբերություններ ստեղծել մարդկանց հետ: Աստվածաշունչը, և մասնավորապես Առակաց գիրքը լի է մարդկանց հետ շփվելու խորհուրդներով:
Աստված Ինքը մինչև ինչ-որ բան ձեռնարկելը խոսում էր մարդկանց հետ:
Ես. 1:18-ում Աստված մարդկանց հրավիրում է խոսելու, բանավեճի:
Մարդիկ հաճախ չունեն խոսելու մշակույթ: Նրանք առանց խոսելու, առանց քննարկելու միանգամից ենթադրություններ են անում ու գործում են:
Եթե մեկը քեզ հակառակ է, անգամ եթե թշնամի ես համարում նրան, դա չի նշանակում, որ չպետք է խոսես նրա հետ: Հրավիրիր նրան խոսելու, զրուցիր, բանավիճիր: Ժամանակը չի լուծում խնդիրները: Խնդիրները կլուծի Տերը, եթե կիրառես Աստծո տված պարգևները՝ խոսելու և լսելու ընդունակությունը: Առակաց 15:23-ում ասված է.
«Ուրախութիւն է մարդիս համար իր բերանի յարմար պատասխանը. Եւ խօսքն իր ժամանակին ի՜նչ լաւ է»։
Ուրեմն խոսքն իր ժամանակն ունի: Ոչ թե պետք է սպասենք հարմար պահի, որպեսզի «ճշմարտությունը շրխկացնենք ճակատին», այլ պետք է խոսել նախապես, մի կողմ թողնելով էմոցիաներն ու խոսել սիրով, խաղաղությամբ:
Երբ դու սկսես խոսել դիմացինիդ հետ, Սուրբ Հոգին կսկսի աշխատել նրա հետ:
Բայց հիշիր, բացի խոսելուց հարկավոր է նաև լսել: Լսիր դիմացինիդ մինչև վերջ: Մի շտապիր պատասխանել, դադար տուր.
«Ով որ բանը չլսած պատասխան տայ, սա նորա համար յիմարութիւն է եւ ամօթ»: (Առակ.18:13):
Աստված խոսեց Մովսեսի հետ: Աստված սովորեցրեց Մովսեսին, թե ինչպես պետք է խոսել Իսրայելի ժողովրդի հետ, փարավոնի հետ: Սուրբ Հոգին Հիսուսին հրավիրեց խոսելու, բանավիճելու սատանայի հետ: Հիսուսը խոսեց, և սատանան հեռացավ:
Գործք 5:13-20-ում, երբ Տերը առաքյալներին հանեց բանտից, պատվիրեց գնալ տաճար և խոսել:
Ուրեմն խոսիր ու լսիր: Խոսելն ու լսելը զորություն ունեն:
Խոսիր, լսիր, և կլինես օրհնված: