Խոստմունքների ուխտը

Խոստմունքների ուխտը

«Եւ եթէ քո Եհովայ Աստուծոյ ձայնին ուշադրութեամբ լսես, որ գուշութեամբ կատարես Նորա բոլոր պատուիրանքները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, քո Եհովայ Աստուածն էլ քեզ երկրիս բոլոր ազգերիցը գերազանց կանէ: Եւ այս բոլոր օրհնութիւնները քեզ վերայ կգան քեզ կհասնեն, եթէ քո Եհովայ Աստուծոյ ձայնին լսես»։ 2 Օր.28:1,2:

Ուզո՞ւմ ես, ստանալ Աստծո օրհնությունները, ուրեմն ուշադիր լսիր Նրա ձայնը և զգուշությամբ կատարիր պատվիրանները՝ ասում է Աստծո Խոսքը: Ուշադրություն դարձրեք, չի ասում ուղղակի Աստծո ձայնը, այլ ասում է քո Աստծո: Այո՛, Աստված քոնն է և դու՝ Աստծունը:

«Օրհնությունները կհասնեն քեզ»…: Ոչ թե դու կգնաս օրհնությունների ետևից, այլ օրհնությունները կգան քո ետևից և կհասնեն քեզ, ուր էլ լինես:

Բայց դրա համար կա պայման՝ եթե լսես Աստծո ձայնը և կատարես պատվիրանները: Աստված խոստացել է, որ Ինքը կխոսի բոլորի հետ, կխոսի բոլորի մեջ և Իր զավակները կլսեն Իր ձայնը:

Եթե լսես Նրա ձայնը, ապա Աստված քեզ համար կկատարի այն, ինչը խոստմունքով ասել է Երկրորդ Օրինաց 28:1-14-ում: Օրհնյալ կլինես քո քաղաքում, օրհնյալ կլինեն քո բոլոր պտուղները, քո կողովն ու տաշտը, քո շտեմարանները, քո ձեռնարկումները: Թշնամիներդ կփախչեն քեզնից, «Եհովան քեզ Իր համար սուրբ ժողովուրդ կհաստատէ», քո օրհնությունները կգան ոչ թե այս կամ այն երկրից, այլ Աստծուց, Աստված քեզ բարություն կտա և կրկնակի կօրհնի հենց այդ բարության համար: Դու փոխ կտաս բոլորին, բայց ինքդ փոխ չես առնի, որովհետև օրհնությունը տալն է, ոչ թե առնելը:

Դու գլուխ կլինես, ոչ թե պոչ:

Իսկ եթե խոտորես աջ կամ ձախ, ապա կսկսես ծառայել ուրիշ աստծո, կծառայես մամոնային ու կհեռանաս կենդանի Աստծուց:

Կար ժամանակ, երբ «հեթանոսներ էինք մարմնով», «առանց Քրիստոսի էինք», «օտարացած էինք խոստմունքի ուխտերից» և հեռու էինք Աստծուց (Եփես. 2:11-13), բայց հիմա մոտեցել ենք Նրան Քրիստոսի արյունով:

Աբրահամին տրված խոստմունքի ուխտից հետո բոլոր մարդիկ կամ հրեաներ էին, կամ հեթանոսներ: Բայց Հիսուսը «…թշնամությունն Իր մարմնով կործանեց, որպեսզի Իրենով երկուսից մի նոր մարդ ստեղծի» (Եփես.2:15):

Մի ժամանակ մենք անմշակ քարեր էինք, բայց Աստված գտավ մեզ, մշակեց ու մեզնով կառուցում է Իր տաճարը. «Նրա մեջ դուք էլ միասին կառուցվում եք որպես Աստծո բնակարան՝ Հոգու միջոցով»: (Եփես.2:22):

Հիշի՛ր, թե ով էիր մի ժամանակ և ով ես հիմա: Աստված այսօր քո Հայրն է, և դու Նրա զավակն ես: Ազատվի՛ր չարիքից, մի՛ եղիր մեղքի գերի՝ դու Աստծո զավակ ես: Աստված խոստմունքի ուխտ ունի քեզ հետ:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ