Կիրկ Ֆրանկլինը՝ իր դաժան անցյալի մասին

Կիրկ Ֆրանկլինը՝ իր դաժան անցյալի մասին

54th-Grammys.jpgԿիրք Ֆրանկլինը շատերին հայտնի է որպես «gospel» ժանրի կատարող, երաժիշտ, երգչախմբի ղեկավար: Օրերս ամերիկյան ռադիոընկերություններից մեկին տված հարցազրույցում նա անկեղծացել է և պատմել իր դաժան անցյալի մասին. հայտնում է christianpost.com-ը:

«Ինձ որդեգրել է 64-ամյա մի կին, ում հետ իսկապես շատ դժվար ժամանակներ ենք անցել: Հերթ էինք կանգնում հաց, պանիր կամ կիսամաշ ջինսեր ստանալու համար: Քույրս բավական լուրջ խնդիր ուներ թմրանյութերի հետ կապված: Նա ավելի քան  մեկ տասնամյակ բանտում է անցկացրել՝ մարմնավաճառության մեղադրանքով: Այսպիսին էր մեր կյանքը և այն անպատմելի դժվար էր»,- պատմել է արտիստը:

43-ամյա Ֆրանկլինը նշել է նաև, որ քրիստոնեական հավատին ավելի ծանոթանալու ցանկությունն իր մոտ առաջացել է մտերիմ դեռահաս ընկերներից մեկի սպանությունից հետո. «Ես 15 տարեկան էի, երբ ընկերս մահացավ, և դա դարձավ ինձ համար հիմնական պատճառ՝ ճանաչելու Քրիստոսին,- ասել է նա:- Այդ ժամանակ էր, որ սկսեցի անձնական հարաբերություններ ունենալ Տիրոջ հետ»:

Ֆրանկլինը չի ամաչում բացահայտ խոսել իր թերությունների մասին:

«Մանկության տարիներին մեր ընտանիքում արյունապղծության դեպք տեղի ունեցավ: Բռնաբարության զոհը փոքր քույրս էր: Այդ ժամանակ ես 8 տարեկան էի, և մենք ականատես էինք լինում այդ ամենին գրեթե ամեն օր: Դա սարսափելի էր: Բացի այս ամենը, ես ինքս նույնպես պայքարում էի իմ մեղքերի դեմ, քանի որ անձամբ բավական սանձարձակ կյանք էի վարում»:

Ներկայումս Գրեմմի բազմակի դափնեկիր Կիրկ Ֆրանկլինը մեծ հաջողությունների է հասել և իր արվեստով փառաբանում է Աստծուն: Արարչին անձնապես ճանաչելն արմատապես փոխել է նրա կյանքը: Այսօր նա  Գրեմմի մրցանակաբաշխության իննակի դափնեկիր է, ի լրումն այս ամենի՝ վերջերս հիմնել է իր ռադիոալիքը:

Աղբյուր՝ crossnews.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ