Կրակոց նշանակետին
Փետրվարի 23-ի տղամարդկանց շաբաթօրյա հանդիպումը սկսվեց աղոթքով, փառաբանությամբ ու երկրպագությամբ: Հնչում էին բոլորին ծանոթ երգեր` միանգամայն նոր գործիքավորմամբ:
«Կրակոց նշանակետին»՝ այսպես էր վերնագրել «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանն իր խոսքը: Իսկ խոսքը նվիրված էր իշխանությանը, այն իշխանությանը, որով օժտեց Աստված Ադամին արարման ժամանակ՝ «Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»։ (Ծն.1:26)
Սակայն մեղքի հետ որպես անեծք ծնունդ առավ նաև մարդու իշխանությունը մարդու վրա. «Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցաւերն ու քո հառաչանքները։ Ցաւերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկուես, եւ նա պիտի իշխի քեզ վրայ»։ (Ծն 3:16)
Դրանից հետո մարդիկ բազմաթիվ հնարանքներ են կիրառում իշխանություն ձեռք բերելու համար և իշխանությունն էլ գործիք են դարձնում դիմացինին նսեմացնելու, ենթարկեցնելու նպատակով: Այսպիսի իշխանությունը Աստծուց չէ, այսպիսի իշխանությունը Աստծո նպատակներից չէ:
Հիսուս Քրիստոս, բազմաթիվ այլ անեծքների հետ վերացրեց նաև մարդու կողմից մարդուն իշխելու անեծքը բոլոր նրանց համար, ովքեր կհավատան: Իշխանության էությունը փոխվեց. «Իսկ ովքեր Նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տվեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք Իր անվանը կը հաւատան»։(Հովհ 1:12): Եվ այս իշխանության հիմքում ընկած են աստվածային Սերն ու իմաստությունը:
Ու եթե ուզում ես իշխել այնպես, ինչպես Տերն է կամենում, ապա պետք է ինքդ էլ լինես իշխանության տակ՝ Աստծո իշխանության: Իսկ զայրույթի ու ցասման նշանակետը պետք է լինեն ոչ թե նրանք, ում իշխում ես սիրով ու իմաստությամբ, այլ դիվային պիղծ ուժերը: Միայն այդ դեպքում կրակոցը կհասնի ճիշտ նշանակետին:
Հանդիպման ավարտին հովիվը ներկաների հետ պայմանավորվեց այսպիսի հանդիպումները պարբերաբար կազմակերպելու մասին:
«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն