Կյանքի գետ, որ քո մեջ է

Կյանքի գետ, որ քո մեջ է

Նախօրեին եկեղեցու 35 հավատացյալներ մկրտվել էին ջրով: Սեպտեմբերի 7-ի ծառայության սկզբում հովիվ Տիգրան Թադևոսյանը շնորհավորեց նրանց, օրհնեց, աղոթեց ու շնորհավորանքն ավարտեց հատկանշական աստվածաշնչային խոսքերով. «Գնացեք ու Ավետարանը քարոզեք»:

Այնուհետև հովիվը համառոտ պատմեց ԱՄՆ կատարած ուղևորության մասին, իր ծառայությունների, հանդիպումների մասին, կիսվեց տպավորություններով: ԱՄՆ-ում իր գրեթե բոլոր քարոզները հովիվը նվիրել էր Աստծո խաղաղության թեմային, այն խաղաղության, որը տրվել էր իրեն Աստծո կողմից կյանքի դժվար իրավիճակում և որն օգնել էր իրեն հաղթահարել կորստի դառնությունն ու մխիթարվել Սուրբ Հոգով:


«Մի կին,- պատմում է հովիվը,- ով 13 տարեկանում կորցրել էր ծնողներին և մինչ օրս չէր կարողանում մխիթարվել, լսելով քարոզը, վերջապես ստացել էր երկար սպասված մխիթարությունն ու արցունքն աչքերին շնորհակալություն էր հայտնում»:

Այսօրվա քարոզը հովիվը նվիրել էր Տիրոջ խոստացած «կենդանի ջրերի գետերին»:

Կենդանի ջրերի աղբյուրը մեր մեջ է:

«Ով Ինձ հավատա, ինչպես Գիրքն է ասում, նրա որովայնից կենդանի ջրի գետեր պիտի բխեն» Հովհ. 7:38:

Կյանքը, քաղաքները, քաղաքակրթությունը այնտեղ են ծաղկում, որտեղ գետ կա: Որտեղ չկա գետ, այնտեղ անապատ է: Արարիչը Եդեմական պարտեզն էլ 4 գետերի վրա ստեղծեց: Մենք պետք է մաքուր պահենք մեր ներսի գետերը, որ Աստված է տվել:

Իսկ մաքուր պահելու համար պետք է լեզուներով աղոթել: Լեզուներով աղոթքը Սուրբ Հոգով մկրտված լինելու նշանն է, ապացույցը: Երբ աղոթում ես լեզուներով, գետերը շարժվում են:

Մարդու միտքը սահմանափակ է: Այդ սահմանափակ մտքով մենք ուզում ենք հաղորդակցվել Գերագույն միտքն ունեցողի հետ: Սա հեշտ չէ: Բայց Աստծո Խոսքն ասում է.

«...որովհետեւ թէ ինչ բանի համար պիտի աղօթք անենք՝ ինչպէս արժան է, չ’գիտենք. բայց ինքը Հոգին անբարբառ հառաչանքով բարեխօս է լինում։ Եւ սրտերը քննողը գիտէ թէ ինչ է Հոգու խորհուրդը. որովհետեւ Աստւծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխօսում է» Հռոմ.8:26-27։

Այսինքն լեզուներով աղոթելիս Սուրբ Հոգին գիտի, թե ինչ և ինչպես խնդրի: Հաճախ աղոթքի հրավիրում են նրանց, ովքեր գեղարվեստական, ճարտար լեզու ունեն: Բայց աղոթքի համար կարևորը հավատն է, սիրտը, հոգին:

Աղոթենք լեզուներով, ու կհոսեն կենդանի ջրի գետերը: Բայց աղոթենք հավատով, սրտով, Հոգով:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ