Մարդկանց համար անկարելի է, Աստծո համար՝ ոչ

Մարդկանց համար անկարելի է, Աստծո համար՝ ոչ

Դավիթը հայտնությունները սիրում էր ոչ միայն այն պատճառով, որ դրանք նոր գիտելիքներ են տալիս, այլև այն պատճառով, որ հայտնությունների հետ գալիս է նոր մթնոլորտ, նոր զորություն և ուրախություն։

Ի՞նչ հայտնություն ենք ստանում ուսումնասիրելով Մաթևոս, Մարկոս և Ղուկաս ավետարանիչների կողմից նկարագրված իրավիճակը հարուստ պատանու մասին (Մարկ․10։17-31, Մթ․10։17-30, Ղուկ․18։18-30)։

Հարուստ պատանին Հիսուսից հարցրեց՝ «Ի՞նչ գործեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Մարկ․10։17։

Նա վստահ էր, որ հավիտենական կյանքի արժանանում են ինչ-որ բան անելով։ Բայց Հիսուսը պատանու հետ զրուցելուց հետո ասաց. «Աւելի հեշտ է, որ ուղտն ասեղի ծակովն անցնէ, քան թէ հարուստն Աստուծոյ արքայութիւն մտնէ»: Մարկ․10։25։

Այս պատմությունից առաջին տպավորությունն այն է, որ հարուստ մարդը չի կարող մտնել Աստծո արքայություն։ Եվ մարդիկ հաճախ հարցնում են, թե կատարյալ լինելու և արքայությունը մտնելու համար անհրաժե՞շտ է վաճառել ունեցվածքն ու բաժանել աղքատներին։

Ո՛չ։ Այստեղ Հիսուսը ցույց տվեց պատանու խնդիրը։ Պատանին ինքը խոսակցությունը սկսեց ինչ-որ բան անելու մասին։ Եվ Հիսուսը շարունակեց նույն ձևով։ Հիսուսը տասը պատվիրաններից բերեց միայն այն պատվիրանները, որոնք կապված էին ինչ-որ բան անելու կամ չանելու հետ։ Նա չասաց «Մի՛ ցանկացիր» պատվիրանը։ Նա նույնիսկ չասաց առաջին պատվիրանը՝ «Սիրի՛ր քո Տեր Աստծուն»։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ տղան երկրպագեց Իրեն՝ ծունկի իջավ Իր առաջ և անվանեց Բարի Վարդապետ։ Դրանով պատանին կարծես ցույց տվեց, որ կատարում է առաջին պատվիրանը։ Հիսուսը, ասելով՝ «Բարի չկա ոչ մեկը, բացի Աստծուց», ցույց տվեց, որ այդ Աստվածը հենց Ինքն է։

Ու թեև պատանին չէր ընկալել, որ իր դիմացինը հենց Աստվածն է, Հիսուսը սիրեց նրան։ Բայց քանի որ պատանին կարծում էր, թե ինչ-որ բան անելով կարող է մտնել արքայություն, Հիսուսն ասաց՝ «Ծախի՛ր ունեցվածքդ և բաժանիր աղքատներին»։ Հիսուսը պատանուն ասաց, թե ինչն է նրան պակասում։ Տպավորություն է ստեղծվում, թե Աստված բոլորին պետք է ասի, թե ում ինչ է պակասում, այնինչ Նա բոլորին ուղղում էր դեպի իրեն, դեպի խաչը, որի միջոցով էլ հնարավոր կլիներ մտնել Աստծո Թագավորություն:

Հիսուսն ասում է, որ կատարյալ լինելու համար պետք է ապավինել ոչ թե ունեցվածքին, այլ Նրան, ով տվել է այն: Հոբը ընկալել էր դա։ Նա կատարյալ մարդ էր (Հոբ 1։1)։ Ու երբ նա կորցրեց իր ամբողջ ունեցվածքը, ասաց՝ «Տերը տվեց և Տերը վերցրեց»։ (Հոբ 1։21)։

Ուրեմն Հիսուսի ասածը հարուստ պատանուն կարելի է հասկանալ այսպես՝

«Ո՜վ մարդիկ։ Գալիս են նոր ժամանակներ։ Մի՛ ապավինեք ձեր ունեցվածքին։ Եկե՛ք Իմ ետևից։ Ես շատ ավելի մեծ բան ունեմ ձեզ տալու, քան ձեր ունեցվածքը, որը նույնպես Ես եմ տվել։ Կատարյալ լինելու համար դուք պետք է անեք այն, ինչը Ես եմ ձեզ ասում։ Եվ Իմ մահվան և հարության միջոցով Ես ձեզ կտամ փրկություն, հավիտենական կյանք: Ես ձեզ կտանեմ արքայություն»։

Հիսուսը չի ուզում զրկել։ Հիսուսը չի ուզում վերցնել։ Հիսուսն ուզում է ավելին տալ։ Եթե դու ճանաչում ես Աստծուն, եթե նվիրված ես Նրան, երկրպագում ես, ծունկի ես իջնում, Նա քեզ կտա փրկություն։ Խնդիրը հարստության մեջ չէ, խնդիրը ամեն ինչ թողնելու և Հիսուսին հետևելու քո պատրաստակամության մեջ է։

Տ․Թադևոսյանի 11․02․2018թ․ կիրակնօրյա պատգամից։


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ