Մայր Աթոռն ու Կյանքի Խոսքն՝ ընդդեմ «Խտրականության դեմ» օրինագծի
Վարդան Խաչատրյանի տվյալներով՝ Փարիզում տարեկան մի քանի հազար երեխայի բռնի ուժով միասեռական են դարձնում:
«Պատմական օրինակ կա. ամերիկյան օդաչուներին, որ Վիետնամի պատերազմի ժամանակ բռնում էին, վիետնամցիները 100-500 անգամ բռնաբարում էին, ու հետո բաց էին թողնում, որովհետև նրանք արդեն ակտիվ հոմոսեքսուալիստ դարձած վերադառնալու էին ԱՄՆ և այդ երկիրը այլասերեին: Նույն վիճակը հիմա Փարիզում է, տարեկան վեց հազար երեխա են գողանում: Նրանց բռնաբարում են բազմաթիվ անգամներ, և հետո այդ երեխաները մեծանում են, արդեն հոմոսեքսուալիստ դարձած, դա նրանց մոտ պահանջմունք է դարձած լինում»,-այս ամենը այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում պատմում էր փիլիսոփա, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը՝ Համահայկական խնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի կազմակերպած՝ ընդդեմ այլասերվածությունների օրինականացման և հանուն ավանդական-հոգևոր արժեհամակարգի քննարկման ժամանակ:
Նման քննարկում կազմակերպելու առիթը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ԱԺ ներկայացված «Խտրականության դեմ» օրինագիծն է, որը, քննարկման մասնակիցների կարծիքով, անուղղակիորեն և նրբորեն փորձում է ոտնձգություններ կատարել հայկական ընտանիքների դեմ, այլասերվածություն մտցնել հասարակության մեջ և այլն, և այլն:
Քննարկմանը ներկա էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու և «Կյանքի Խոսքի» ներկայացուցիչներ: Վերջիններս այս պարագայում միակարծիք էին, որ պետք է պայքարել այլասերվածության դեմ՝ թույլ չտալով, որ «Խտրականության դեմ» օրինագիծը ընդունվի:
Շահե վարդապետ Անանյանը՝ Մայր Աթոռի մամլո բաժնի տնօրենը, նշեց, որ եկեղեցին միանշանակորեն միասեռականությունը մեղք է համարում և ոչ թե հիվանդություն, առավել ևս՝ կենսակերպ: Նա նաև ասաց, որ առիթ ունեցել է շփվելու միասեռականների հետ, ովքեր, կրոնական նկատառումներից ելնելով, ցանկացել են ձերբազատվել դրանից: «Նրանք իրենց հիվանդ չէին համարում», – ասաց վարդապետը:
Նույն տեսակետն էր պաշտպանում նաև «Կյանքի Խոսք»-ի մամուլի խոսնակ Արմեն Լուսյանն, ով ասաց, թե մարդիկ կարծում են, որ միասեռականների խնդիրը մեր հասարակությանը չի առնչվում, անտարբեր են հարցի վերաբերյալ, բայց, իրականում «խնդիրը արդեն մեր դռան առջև է չոքել»: Ըստ Լուսյանի՝ տեսնելով, որ հայ ժողովրդին, որպես «պինդ պոպոքի», չեն կարողանում կոտրել, դրսի չարակամ ուժերը որոշել են դանդաղ գործող ռումբի նման՝ «պոպոքի շրջագծով ճաք առաջացնել»: Այդ ճաքերից առաջինը, ըստ «Կյանքի Խոսքի» մամուլի խոսնակի, 2005թ-ի Սահմանադրությունն էր, որում հստակ սահմանված չէ, թե ամուսնությունը ում միջև է՝ կնոջ և տղամարդու, կնոջ և կնոջ, թե՞ տղամարդու և տղամարդու: Ըստ նրա, ներկայումս, եթե փորձես ասել, որ միասեռականությունը մեղք է, «կարող են քեզ դատի տալ և դու կհայտնվես բանտում՝ ավանդապահության համար»:
Պարոն Լուսյանը առաջարկում էր ոչ միայն պայքարել «Խտրականության դեմ» օրինագծի դեմ, այլև մի «լակմուսի թղթի» դեր խաղացող օրինագիծ ստեղծել, որը հասարակության պարտադրանքով պետք է ներկայացվի Ազգային ժողով: Այդ «լակմուսի թուղթը», ըստ «Կյանքի Խոսքի» ներկայացուցչի, պետք է լինի միասեռական զույգերի կողմից երեխայի որդեգրումը և համասեռամոլ կենսակերպի քարոզչությունը երեխաների շրջանում արգելող օրենքի նախագիծը: «Պետք է ստեղծենք այդ օրինագիծը և նետենք հրապարակ: Ու այդ ժամանակ կտեսնենք, թե հայրենասիրությունից և այլ արժեքներից խոսող ուժերից ով ով է»:
Նա նաև ասաց, որ որոշ իրավապաշտպաններ իրենց ասել են, որ «Խտրականության դեմ» օրինագծով նաև իրենց՝ որպես կրոնական փոքրամասնության, շահերն են պաշտպանվում, սակայն իրենք դեմ են, որ իրենց իրավունքները այդ գնով պաշտպանեն:
Նա ասաց, որ իրենց կազմակերպությունը «տաս հազար ստորագրություն» կարող է բերել հանուն այդ օրինագծի:
Մելանյա Բարսեղյան
aravot.am