Մեղավորների և մաքսավորների բարեկամ

Մեղավորների և մաքսավորների բարեկամ
«Նոր սերունդ» եկեղեցում նոյեմբերի 30-ին քարոզեց երիտասարդ շնորհաշատ քարոզիչ, եկեղեցու երիտասարդական հովիվ Գոռ Կարապետյանը: Նա խոսեց Քրիստոսի մեծագույն պատգամի՝ սիրո մասին:
Սերն այն հատկանիշն է, որով քրիստոնեությունը դադարում է կրոն կամ փիլիսոփայություն լինելուց: Աստված սիրում է ամբողջ աշխարհը, բայց սիրում է նաև մեզնից յուրաքանչյուրին անհատապես:
Հիսուսն ընդունեց մեզ այնպիսին, ինչպիսին կանք՝ մեր մեղքերով, սխալներով ու թերություններով հանդերձ: Նա չնայեց մեր սոցիալական դիրքին, պաշտոնին կամ հարստությանը, Հիսուսը նայեց մեր սրտերին, որպեսզի կարողանա հպվել և փրկել:
Հռոմ.15:1-ում Աստվածաշունչը մեզ սովորեցնում է սիրել ու ընդունել մարդկանց այնպես, ինչպես Ինքը՝ Հիսուսը:
Մաթևոսը մաքսավոր էր: Հրեաները չէին սիրում մաքսավորներին, որովհետև նրանք հրեաներից հավաքում էին հարկերը և տալիս Հռոմեական կայսրությանը: Բայց Հիսուսը նրան ընդամենը երկու բառ ասաց՝ «Հետևի՛ր ինձ» (Մատթ.9:9), ու նա թողեց ամեն բան և գնաց Հիսուսի ետևից:
Զակքեոսն ավելի «վատն» էր, նա մաքսապետ էր: Բայց Հիսուսը նրան էլ կանչեց, գնաց նրա տուն խնջույքի ու փրկվեց նրա ամբողջ տունը:
Օրինակները շատ են՝ բորոտը, որն անմաքոր էր համարվում և ոչ-ոք չպիտի դիպչեր նրան: Բայց Հիսուսը դիպավ նրան ու բժշկեց (Մատթ.8:1):
Շնության մեջ բռնված կինը, որին ըստ Օրենքի պետք է քարկոծելով սպանեին, բայց Հիսուսը չմեղադրեց նրան: Սամարացի կնոջ հետ Հիսուսը չպետք է անգամ խոսեր, բայց ջուր ուզեց նրանից, խոսեց, ուրախություն ու ապաշխարություն պարգևեց:
Հիսուսին մեղադրում էին, որ նա «մաքսավորների ու մեղավորների բարեկամն է» (Մատթ.9:11): Բայց Հիսուսի սերն անաչառ էր ու համընդհանուր:
Պողոսն առաքյալն էլ «Ամենքի հետ ամեն ինչ եղավ, որ կարողանա բոլոր միջոցներով մի քանիսին շահել» (1 Կոր.9:22):
Ուրեմն Հիսուսից սիրել սովորենք: Չէ՞ որ աշխարհը բարեկամների կարիք ունի: «Որպեսզի կարողանանք բոլոր միջոցներով մի քանիսին շահել»:
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ