Մեկնարկեց «Ամուսնություն և ընտանիք» խորագրով բացառիկ սեմինարների շարքը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Նոր Սերունդ» եկեղեցում մեկնարկեց «Ամուսնություն և ընտանիք» խորագրով բացառիկ սեմինարների շարքը, որը վարում է hովիվ Տիգրան Թադևոսյանը:
Առաջին հանդիպմանը ներկա էին ավելի քան 60 երիտասարդներ,այդ թվում նաև՝ ամուսնացած զույգեր։Ինչպես ցանկացած ծառայություն, այս մեկը նույնպես սկսվեց փառաբանությամբ և աղոթքով, որից հետո հովիվ Տիգրանը ներկաների հետ կիսվեց իր խոսքով:
Նա նշեց, որ ամուսնության և ընտանիքի թեման շատ արդիական է և կարևոր, այն վերաբերում է ինչպես ամուսնացած զույգերին, այնպես էլ երիտասարդներին, ովքեր իրենց կողակցի որոնումների մեջ են:
Հատված հովվի խոսքից․ «Երկրի ապագան կախված է ընտանիքների ամրությունից: Քրիստոնեությունը միակ ուսուցումն է, որտեղ քրիստոնեական արժեքները որպես հիմք են մնացել: Մյուս բոլոր գիտությունները և ուսմունքները միայն խոսում են կնոջ և տղամարդու հարաբերությունների մասին, բայց Եկեղեցին խոսում է ընտանիքի մասին:
Շատերը մտածում են, որ հավատացյալ մարդիկ ոչինչ չեն հասկանում այդ հարաբերություններից, բայց իրականում կյանքը, ամուսնական հարաբերությունները հասկանում են այն մարդիկ, ովքեր հարաբերություն ունեն Աստծո և Նրա խոսքի հետ:
Ընտանիքը փոքր եկեղեցի է, որտեղ գործում են եկեղեցու օրենքները, կարգ ու կանոնը, և որտեղ թագավորում է Աստված, Աստծո խոսքը, աղոթքը, երկրպագությունը:
Ընտանիքն ու եկեղեցին փոխկապակցված են: Եթե մեկն ասում է՝ ընտանիք, և նա Աստծո խոսքից հեռու է, դա չի կարող դիտարկվել այնպիսի ընտանիք, ինչպիսին որ նախասահմանել է Աստված, իսկ Աստված ընտանիքը նախասահմանել է ամեն ինչից առաջ:
Ստեղծելով մարդուն՝ Աստված տեսավ, որ լավ չէ, որ մարդը մենակ լինի: Նա գիտի, որ մենք շփման կարիք ունենք: Աստված կամենում է , որ մարդն իրացնի իր մեջ կուտակված շփվելու ցանկությունը:
Աստված հավանություն չի տալիս ամուսնալուծություններին: Բաժանություն պետք է լինի միայն ծայրահեղ դեպքում (Մատթ. 19:3-8):
Իսկ որտեղի՞ց են գալիս բաժանումները, որտեղի՞ց են գալիս սխալ պատկերացումները ընտանիքի մասին:
Խնդիրը առաջին հերթին դաստիարակության մեջ է: Ներկայիս ընտանիքներում՝ ծնող-երեխա հարաբերություններում, շատ քիչ է քննարկվում երեխայի ապագա ընտանիքին վերաբերող հարցերը:
Երկրորդ հերթին, երեխայի դեռ չձևավորված պատկերացումների վրա ազդում են ուսումնական հաստատություններում սխալ ուսուցումները և շրջապատը:
Մարդու՝ հատկապես երիտասարդների վրա կարող են ազդել ծնողները, հովիվը և ուսուցիչը, ովքեր ձևավորում են նրա մտածելակերպը: Իսկ նրանցից անգամ մեկի սխալ ազդեցությունը հանգեցնում է մտածելակերպի սխալ ձևավորման:
Ճիշտ ընտանիք կազմելը կյանքի խնդիր է, և այն ժամանակը, որը ծախսում ենք ընտրություն կատարելու վրա, անիմաստ չէ:
Ընտանիքի մեջ երջանկություն կա միայն այն դեպքում, երբ երկու կողմերն էլ հասկանում են, թե ինչ է ամուսնությունը, կան ճիշտ հարաբերություններ, և երբ այդ միությունը Աստծո իշխանության տակ է»:
Ծառայությունը ավարտվեց աղոթքով, որից հետո փոքրիկ հյուրասիրոււթյան շուրջ երիտասարդները շփվում էին և կիսվում կարծիքներով:
Կարծիքներ
Երիտասարդական ծառայությունից գերագույն հաճույք ստացա: Շատ տպավորված եմ: Մեր հովիվը հոյակապ կերպով, բոլորին մատչելի և հասկանալի ձևով սկսեց ուսուցումը: Համոզված եմ, որ հաջորդ դասի ընթացքները կանցնեն նույնքան հետաքրքիր և ուսուցողական: Շնորհակալ եմ հովվին այսքան հետաքրքիր և օգտակար օրվա ավարտի համար: Բաց չեմ թողնելու մնացած չորս երկուշաբթիները:
Լիլիթ Գրիգորյան
Սա ինձ համար օգտակար ուսուցում էր, քանի որ դեռ ամուսնացած չեմ և շատ կարևոր է, որ անձնական կյանքում կարողանամ ճիշտ ընտրություն կատարել: Վստահ եմ, որ այս օրերից հետո շատ հարցերի ես այլ կերպ կսկսեմ նայել, որոնք ինձ կօգնեն ամուր ընտանիք կազմել:
Գոհար Մկրտչյան
Շնորհակալ եմ հովիվ Տիգրանին կարևոր խոսքի համար: Տպավորված եմ լսածս յուրաքանչյուր բառից: Ինձ ամենաշատը դուր եկավ այն խոսքը, որ չպետք է շտապենք ընտրության հարցում, որովհետև մեր կատարած ընտրությունը ոչ թե մի քանի օրվա համար է, այլ ամբողջ կյանքի:
Շատ հետաքրքիր էր հովվի կատարած համեմատությունը, երբ կողակցի ընտրությունը նմանեցրեց ադամանդի ստուգման չափանիշի հետ, որ ստուգենք և մինչև վերջ համոզվենք, թե ով է նա՝ արդյոք պետք է վստահենք, թե ոչ, բայց շատ մանրանալն էլ ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ինչպես շատ ուսումնասիրելու դեպքում երևում են միայն թերությունները, և կորում է նրա արժեքը:
Ես սկսեցի ավելի ճիշտ գնահատել ընտանիք հասկացությունը, որը սուրբ է և ամենակարևորը պետք է լինի Աստծո հովանավորության տակ:
Նաիրա Փիլոյան
Հավելենք նաև, որ «NG|YOUTH» երիտասարդական ծառայության հաջորդ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ ժամը 18։30։
Գրանցվելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 077 277 214 հեռախոսահամարով։