Մեն-մենակ Աստծո և քո պրոբլեմի հետ
Վերջին ժամանակները դժվար են ոչ միայն աշխարհի, այլև եկեղեցու համար: Սակայ Աստծո Խոսքը հուսադրում է՝ «Արդարն իր հավատքով կապրի» (Ամբ.2:4): Գրված է՝ իր հավատքով: Ուրիշի հավատքը կարող է օգնել, քաջալերել, բարձրացնել: Բայց դու ապրում ես միայն քո հավատքով:
Մարդիկ հաճախ ուզում են, որ իրենց կյանքում լինեն փոփոխություններ, բայց չեն ուզում դրա համար գին վճարել: Մարդիկ փնտրում են ուրիշի, ով կաղոթի իրենց համար, կօգնի, կպատերազմի: Բայց դու պետք է անձամբ ճաշակես Հիսուսին, անձամբ ճանաչես, անձամբ հավատաս, անձամբ հաղորդակցվես Նրա հետ: Միայն այդ դեպքում կարող ես անձամբ հասնել հաղթանակի:
Հակոբոս առաքյալն ասում է.
«Բոլորովին ուրախութիւն համարեցէք, եղբարքս, երբոր կերպ կերպ փորձանքների մէջ ընկնիք»: Հակ.1:2:
Փորձությունները մարդուն տանում են դեպի հաղթանակ: Եթե ճաշակել ես ֆինանսական դժվարությունները, ապա կարող ես ֆինանսական հաջողությունների հասնել, եթե առողջական խնդիրներ ունես, կարող ես հաղթել հիվանդությանը: Բայց դու չես ուզում փորձություն ունենալ: Սակայն պետք է հասկանաս, որ առանց փորձության, առանց գին վճարելու չես կարող հասնել օրհնությունների:
«Ինչպէս որ Նրա աստուածային զորութիւնը շնորհեց մեզ այն ամենը, որ կեանքի եւ աստուածապաշտութեան համար պէտք է»: 2 Պետ.1:3:
Աստված մեզ տվել է զորություն և այդ զորությամբ տվել է կյանքի համար անհրաժեշտ ամեն բան: Որպեսզի գործի այդ զորությունը, պետք է ճանաչել Հիսուսին: Ասատծո զորությունը կգործի քո կյանքում, եթե դու անձնական հարաբերություններ ունենաս Հիսուսի հետ: Ուրիշի հավատը, ուրիշի հարաբերությունները, ուրիշի գիտությունը քեզ կյանք չեն տա:
Կգա մի օր, երբ կհոգնես բոլոր քարոզիչներից, հրաշքներից հետո կշարունակես դատարկություն զգալ, կձանձրանաս, կհուսահատվես: Ու կգա մի օր, երբ Աստծո առաջ մենակ կմնաս քո պրոբլեմի հետ: Այդ օրվա համար ասված է.
«…Ամենամեծ եւ պատուական խոստմունքներ են տրուած մեզ, որ նորանցով հաղորդակից լինիք աստուածային բնութեանը՝ աշխարհքի մէջ ցանկութիւնից եղած ապականութիւնից հեռու փախչելով»: 2 Պետ.1:4:
Հաղորդակից լինել Աստծո բնությանը, նշանակում է թույլ տալ, որ Աստծո գենը թափանցի քո մեջ: Դրա համար պետք է փախչես աշխարհից, ցանկություններից ու ապականություններից: Ոչ ոք չի կարող քո փոխարեն անել դա, ոչ ոք չի կարող քո փոխարեն հաղորդակցվել Աստծո հետ՝ Աստծո բնությանը: Դու պետք է կարողանաս ինքդ ծունկի իջնել Աստծո առաջ և ինքդ ստանալ քո բոլոր հարցերի պատասխանները:
Ինչքանով եկեղեցու սպասավորները կապեն մարդկանց իրենց հետ, այլ ոչ Հիսուսի, այնքանով էլ նրանց բեռների ծանրությունը, փորձություններից ու պոբլեմներից դուրս գալու պատասխանատվությունը կմնա իրենց վրա:
Հիսուսը աղոթում էր, որ Իր հետևորդները Հոր հետ մեկ լինեն (Հովհ.17:21): Դու կարո՞ղ ես ասել, որ դու և Հայրը մեկ եք: Եթե ոչ, ապա ջանք արա, աղոթի՛ր, ճանաչի՛ր Հիսուսին ու մի օր Հոր հետ մեկ կլինես:
Մի՛ պարծեցիր, որ լավ գիտես Աստվածաշունչը: Աշխատիր, որ Սուրբ Հոգու զորությամբ ոչ միայն իմանաս, այլև խորությամբ ընկալես այն:
Երբ քո խնդրի հետ մենակ մնաս Աստծո առաջ, Հակոբի նման ամուր բռնիր Աստծուն և բաց մի թող, քանի չես ստացել քո օրհնությունը: Օրհնության համար քեզ տրված է ամեն բան, միայն թե ճանաչի՛ր Հիսուսին և հաղորդակցվիր Նրա հետ:
Տ. Թադևոսյանի 24.06.2018թ. կիրակնօրյա պատգամից:
Սեփական լրատվություն: