Մեր փրկությունը չի ավարտվում խաչի վրա
Զատկի՝ Սուրբ Հարության տոնի առիթով «Նոր սերունդ» եկեղեցու կիրակնօրյա ծառայությունը հարուստ էր ու հագեցված:
Իրենց խոսքով եկեղեցուն դիմեցին հովիվ Տիգրան Թադևոսյանը, եկեղեցու այլ ծառայողներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից:
«Հիսուսը ծնվեց, ապրեց 33 տարի ու Նրան սպանեցին: Բայց դրանով պատմությունը չավարտվեց: Կանայք գնացին գերեզման՝ լացելու: Բայց լացելու առիթ չկար: Նա հարություն էր առել:
Ու այսօր Քրիստոսը կենդանի է բոլոր այն եկեղեցիներում, որտեղ երկրպագում ու փառաբանում են Նրան»,- իր խոսքում նշեց հովիվ Տիգրանը: Այնուհետև նա ներկայացրեց այսօրվա հիմնական քարոզչին՝ Իժևսկ քաղաքի «Աստծո եկեղեցու» հովիվ Ալեքսանդր Պոդոբեդովին:
- Զատկի տոնը ազատության տոն է,- ասաց հիվիվ Ալեքսանդրն իր խոսքում: - Ազատողը Աստվածն է: Իսկ մեր Զատիկը Քրիստոսն է:
Մեր փրկությունը չի ավարտվում խաչի վրա: Մեր փրկությունը ընդհանրապես չի ավարտվում: Այն շարունակվում է ամեն օր: Զատիկը ազատություն ստանալու հնարավորություն է: Հիսուսը մեռավ ոչ թե նրա համար, որ դու տոնես Զատիկը, այլ որ դու ազատ լինես: Երբ հիասթափված ու հուսահատված ես, հիշի՛ր՝ կա ճանապարհ, ու այդ ճանապարհը Հիսուսն է:
Հիսուսը երբեք չի պարտվում, Հիսուսը միշտ հաղթում է:
Որպեսզի Հիսուսը հաղթող լինի նաև քո կյանքում, պետք է ունենաս երեք հայտնություն:
1. Հոր սերը:
Երբ քրիստոնյան հայտնությոն է ստանում, որ Հայրն իրեն սիրում է, այլևս ոչինչ չի կարող հաղթել նրան:
«Եթե Աստված մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ»: Հռոմ.8:31:
2. Հավիտենությունը:
Երբ ապրում ես հավիտենության հայտնությամբ, դու նայում ես Աստծուն ու չես տեսնում քո նեղություններն ու հիվանդությունները:
«Եթե միայն այս կյանքում ունենք հույս Քրիստոսի վրա, ամեն մարդկանցից ավելի ողորմելի ենք»։ 1Կոր.15:19:
3. Աստծո անկախությունը:
Աստված անում է ինչ ուզում է, երբ ուզում է և ում հետ ուզում է: Երբեմն մարդիկ կարծում են, թե Աստված ջին է, որ կատրելու է իր ցանկությունները: Ու երբ ցանկությունները չեն կատարվում, մարդիկ հարցնում են. «Ինչո՞ւ հավատամ, եթե չի կատարում»: Նա չի կատարում, որովհետև սիրում է քեզ: Նա չի տալիս այն, ինչ ուզում ես, բայց տալիս է Սուրբ Հոգուն: Սուրբ Հոգին մեծ է, քան մնացած ամեն բան:
Երբ ունես Սուրբ Հոգուն, ունես ամեն բան:
Երբ դու նեղության մեջ ես, ասա՛. Իմ Տերը Աստված է: Նա հզոր է: Ես Նրա հետ չեմ պարտվի: Նա Խաչի վրա ճաշակեց դառնությունը, որ ես մաքրվեմ:
Ահա թե ինչ է Զատիկը: Ահա թե ինչ է հավատը:
Սեփական լրատվություն