Մեր զրուցակիցն է ՌԴ Իժևսկ քաղաքի «Աստծո եկեղեցի» եկեղեցու հովիվ Ալեքսանդր Պոդոբեդովը
Կպատմեք ե՞րբ և ինչպե՞ս եք ընդունել Հիսուս Քրիստոսին ձեր կյանքի մեջ:
13 տարի առաջ էր՝ 2002 թվ.-ին, երբ կյանքս տվեցի Հիսուսին: Այցելելու էի գնացել տատիկիս, ով արդեն հանդիպել էր Հիսուսին, նա ծանոթացրեց ինձ մի խումբ երիտասարդների հետ, ովքեր զբաղվում էին ավետարանչությամբ: Այդ ժամանակ չէի ճանաչում Աստծուն, բայց նրանք պատմեցին ինձ Քրիստոսի մասին ,և ես նախանձեցի նրանց, այն երջանկությանը, որ տեսա նրանց մեջ: Կարծես թե ես ամեն-ինչ ունեի, բայց չունեի երջանկություն: Հետո ես եկա տուն ու Աստծուն դիմեցի. <<Տեր եթե դու կաս, տուր ինձ այդպիսի երջանկություն>>: Հաջորդ օրը տատիկս ինձ հրավիրեց աղոթքի ծառայության: Այդտեղ բոլորը աղոթում էին տարբեր բաների համար, ու ես զգացի որ ներսումս ինչ-որ բան է կատարվում: Տատիկս ասաց, որ խոսեմ, քանի որ Սուրբ Հոգին ինձ վրա էր, ու ես սկսեցի ոչ թե խոսել, այլ աղաղակել օտար լեզուներով: Այդ պահին կատարվեց և՛ իմ ապաշխարությունը, և՛ մկրտությունը Սուրբ Հոգով ու փոխվեց ամբողջ կյանքս:
Ինչպե՞ս սկսեցիք ծառայել:
Ծառայել սկսեցի գրեթե հենց սկզբից, երբ վերադարձա իմ հայրենի քաղաք, գտա այնտեղ եկեղեցի, սկսեցի հաճախել: Առաջին օրը ծանոթացա երիտասարդական ծառայության հովվի հետ ու հարցրեցի, թե որտեղ կարող եմ օգտակար լինել: Երկրորդ ծառայությունից սկսեցի ծառայել կարգ ու կանոնի մեջ: Դրան զուգահեռ մեծ ակտիվություն էի ցուցաբերում երիտասարդական ծառայության մեջ, և մեկ տարի անց դարձա երիտասարդական ծառայության ավագ:
Ինչպիսի՞ դժվարությունների եք բախվել ծառայելիս:
Ինձ համար ամենամեծ դժվարությունը առաջին հերթին հենց ինքս եմ, քանի որ, երբ սկսում ես ծառայել, քեզ թվում է դու կարող ես ամեն բան Աստծո հետ, բայց հետո հասկանում ես, որ ծառայությունը իսկապես պահանջում է ջանքեր, նվիրվածություն ու զոհ: Դա գիտակցելով ես իսկապես հասունանում էի ու ստիպված էի լինում հաղթել ինքս ինձ` հպարտությանս, կամ ինչ-որ ցանկությունների՝ թույլ տալով Աստծուն գործել իմ միջոցով: Իհարկե ծառայելը հեշտ չէ, բայց երբ շարժվում ես կոչմանդ մեջ, այդքան էլ բարդ չէ, զգում ես, որ Աստված միշտ քեզ հետ է և Նա օգնում է հաղթահարել բոլոր խոչընդոտները:
Ո՞րն է Ձեր եկեղեցու տեսիլքը:
Մեր եկեղեցու տեսիլքն է հասարակության փոխակերպումը մարդկանց կյանքում՝ Սուրբ Հոգու զորությամբ, ավետարանչության և աշակերտման միջոցով: Ես կարծում եմ, որ Հիսուսը մեզ երկու հանձնարարություն է տվել՝ ավետարանը քարոզել և աշակերտներ պատրաստել: Իմ կարծիքով եկեղեցում պետք է լինի ԴՆԹ, որի երեք բաղադրիչներն են՝ սեր Աստծո նկատմամբ, սեր միմյանց նկատմամբ և սեր մեղավորների նկատմամբ՝ նրանց, ովքեր դեռ եկեղեցում չեն: Այս երեք բաղադրիչների առկայության դեպքում եկեղեցին կլինի առողջ և կաճի:
Ինչպիսի՞ մեթոդներ եք կիրառում ավետարանը քարոզելու համար, և ո՞ր մեթոդն է ըստ Ձեզ առավել արդյունավետ:
Մենք տարբեր մեթոդներ ենք օգտգործում ավետարանչության համար: Հաճախ ավետարանն ենք քարոզում փողոցներում, կազմակերպում տարբեր ակցիաներ, բարեգործություններ, սակայն ամենից առաջ մենք մարդկանց ուղղորդում ենք անհատական ավետարանչության: Ես կարծում եմ նաև, որ ամենակարևոր բաներից մեկը մարդկանց՝ ոչ թե եկեղեցի ուղղորդելն է, այլ դեպի Հիսուս Քրիստոսը: Առաջին հերթին մենք պետք է ոչ թե պատմենք Քրիստոսի մասին, այլ ցույց տանք նրան մեր վարքով, հոգատարությամբ, այդ դեպքում արդեն մարդիկ հետաքրքրված կլինեն այն Աստծով, ում մենք երկրպագում ենք:
Ի՞նչ հիմնական խնդիրներ եք տեսնում այսօրվա քրիստոնյա երիտասարդի կյաքնում և ինչպե՞ս կարելի է հաղթահարել դրանք:
Իմ կարծիքով առաջին խնդիրն այն է, որ երիտասարդները նվիրված չեն: Այսօր ամեն ինչը հասանելի է, և կան շատ գայթակղություններ: Իհարկե բոլորը ուզում են դառնալ հեղինակավոր, հաջողակ, և ոչ բոլորն են ցանկանում իրենց ամբողջովին նվիրել Հիսուսին: Երկրորդ խնդիրը սրբությունն է: Շատ երիտասարդներ փոխզիջման են գնում աշխարհի հետ, նրանք ուզում են և՛ եկեղեցոււմ ծառայել, և՛ աշխարհին հաճոյանալ՝ մոռանալով սրբության մասին:
Ինչպիսի՞ տպավորություններ եք Ձեզ հետ տանում Հայաստանից:
Կա երեք բան, որ ինձ առավել գրավեց Հայաստանում: Առաջինը մարդիկ են, քանի որ հեշտությամբ կարելի է հաղորդակցվել յուրաքանչյուրի հետ, ինչպես նաև եկեղեցու անդամները. մարդիկ «Նոր սերունդ» եկեղեցում, որտեղ ես ծառայեցի, շատ սրտաբաց էին: Երկրորդը սնունդն է իմ վրա մեծ տպավորություն գործել: Այստեղ ես ինչ ուտում եմ շատ համեղ է և յուրօրինակ: Եվ իհարկե երրորդը Հայաստանի բնությունն է՝ իր գեղեցկությամբ, սարերը, օդը ամեն ինչ՝ կապված ճարտարապետության հետ: Իմ տեսողական օրգանները իսկապես գեղագիտական հաճույք ստացան:
Զրուցեց Աննա Բարսեղյանը