Մեռած էր, կենդանացավ, կորած էր, գտնվեց
Դավիթը ոչնչի պակասություն չուներ, նա ուներ և՛ իշխանություն, և՛ հարստություն, և՛ հեղինակություն: Բայց նա իր կյանքը գտել էր Աստծո մեջ: «Տէրն է իմ ժառանգութեան եւ իմ բաժակի բաժինը», - ասում է Դավիթը (Սաղմ.16:5):
Դավիթը գիտեր, որ օտար աստվածներին հավատացողների ցավերը շատ կլինեն: Օտար աստված չի նշանակում միայն օտար կրոն, հեթանոսական աստվածներ: Օտար աստված կարող է լինել Աստծուց բացի ցանկացած բան, որին երկրպագում են մարդիկ՝ փողը, ոսկին, կամ որևէ այլ բան:
Դավիթն ասում է, որ օտար աստվածների «ետևից վազողների» անուններն անգամ չի արտասանի: Բայց Հիսուսը սիրում է բոլորին: Դժվար է ընկալել այդ սերը, բայց Հիսուսը սիրում է նույնիսկ դավաճանին, շնացողին, գողին: Սրանով Աստված մեզ ցույց է տվել ոչ թե Իր արդարությունը, այլ իր շնորհքը: Աստված ուզում է, որ բոլորը դառնան դեպի Իրեն:
Երբ Հիսուսը պատմեց անառակ որդու առակը (Ղուկ.15:11-32), Նա ակնարկում էր Հայր Աստծուն: Աստված է մեզ կյանք տվել: Հաճախ մենք վերցնում ենք մեր բաժին կյանքը և անխնա վատնում ենք այն: Երբ մարդ ցանկանում է իր կյանքը տնօրինել իր ուզած ձևով, սկսվում են խնդիրներ և ձախողումներ: Իսկ Աստված անհամեմատ ավելի մեծ բան է պատրաստել Իրեն սիրողների համար:
Հաճախ մենք չենք գիտակցում, որ այն ամենը, ինչը թվում է, թե մերն է, իրականում մերը չի: Ունեցվածքը, տաղանդները և նույնիսկ կյանքը մեզ Աստված է տվել: Եթե դու ուզում ես դրանք տնօրինել քո կամքով, դա կարող է բերել ցավալի հետևանքների:
Թույլ տուր, որ քո կյանքը տնօրինի Աստված, առաջնորդվիր Աստծո Խոսքով, և օրհնություններ կլինեն քո կյանքում:
Ավագ որդին բացասական կերպար չէր: Նա հավատարմորեն ծառայում էր Հորը և արդարացիորեն սրտնեղեց, երբ իմացավ, թե ինչպես է Հայրն ընդունել կրտսեր եղբորը: Բայց Հայրը նրան բացատրեց, որ Իր կրտսեր որդին «մեռած էր, կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկ.15:28-32): Հայրը միշտ ցնծում է, երբ դեպի Իրեն են վերադառնում Իր զավակները: Ամեն կորած զավակի վերադարձը մեծ ուրախություն է Աստծո համար:
Անկախ այն բանից, վաղուց ես հավատի մեջ, թե նորահավատ ես, թույլ տուր, որ Աստված տնօրինի քո կյանքը, ծառայեցրու Նրան քո գիտելիքները, ընդունակությունները, տաղանդները:
Հայրը մատանի դրեց կրտսեր որդու մատին: Դա նրա մատանին էր: Երբ մարդը հեռանում է Աստծուց, Աստված պահում է նրա բաժինը: Աստված հույսով սպասում է, որ նա մի օր կվերադառնա ու կարժանանա իր բաժնին:
Դու էլ քո կյանքի մի մեծ բաժինը պետք է նվիրես Աստծուն: Տուր այդ բաժինը Նրան՝ ճիշտ հարաբերություններ ունենալով Հոր հետ, Որդու հետ և Սուրբ Հոգու հետ:
Տիգրան Թադևոսյանի 01.03.2020թ. կիրակնօրյա քարոզից: