Միաբանությունը հաղթության երաշխիք
Յոթնօրյա ծոմապահության համար «Նոր սերունդ »- ը ընտրել է այնպիսի թեմաներ, որոնք օգտակար և կարևոր են առաջին հերթին ոչ թե մեր՝ այլ Աստծո Թագավորության համար, Մենք Թագավորության մի մասն ենք և ինչ վերաբերում է Աստծո Թագավորությանը, վերաբերում է նաև մեզ:
Եթե սատանան հարձակվում է Աստծո Թագավորության վրա, ապա նա հարձակվում է մեզ վրա, և եթե Եկեղեցին օրհնված է, օրհնված ես նաև դու: Մենք չպետք է առանձնացնենք մեր տունը Աստծո Արքայությունից, քանի որ եթե չլիներ Աստծո Արքայությունը, մենք չէինք լինի այն, ինչ կանք հիմա:
Եթե ցանկանում ենք, որ Աստծո Թագավորության մեջ, մեր աշխատավայրում, ընկերական շրջապատում լինի հաղթություն, պարտադիր է, որ լինի Միաբանություն: Առանց միաբանության ոչ մի հաղթություն չկա: Սատանան հետաքրքրված է, որ մեր մեջ լինեն տարաձայնություններ, իսկ Աստված՝ որ մենք ունենանք միաբանություն, քանի որ, միաբանության մեջ կա զորություն և միայն միաբան եկեղեցին կարող է կատարել Աստծո կամքը: Սակայն միաբանությունը հեշտ չի տրվում. այն բավականին թանկ արժէ: Եթե ինչ-որ բան թանկարժեք է, դրանում կա օրհնություն:
Շատ անգամ չենք կարողանում միմյանց հետ համաձայնության գալ, որովհետև տարբեր ենք, բայց դա չի նշանակում որ չենք կարող միաբան լինել: Աստված չի կանչել մեզ, որ միանման լինենք, նա կանչել է մեզ միաբան լինելու՝ մեր բոլոր տարբերություններով հանդերձ: Մենք կանչված ենք, խաղաղություն բերելու համար, քանի որ Աստծո որդիներ ենք: Միաբանության գինը արտահայտվում է նաև ներելով:
Իմաստուն մարդիկ խուսափում են այն թեմաներից, որոնք տարաձայնության են հանգեցնում: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է միշտ ծածկենք այդ տարաձայնություններից առաջացող խնդիրները: Պողոս առաքյալն ասում է, որ դրա համար էլ ձև կա:
Միայն Սուրբ Հոգով լեցուն մարդը կարող է հարցի լուծում գտնել: Սուրբ Հոգու լեցունությունը տալիս է ունակություն ոչ միայն իմաստուն խոսելու, այլև խաղաղությամբ լսելու: Սուրբ Հոգով լցվել նշանակում է լցվել Աստծո բնավորության գծերով:
Աստծո Թագավորությունը հաղթում է ոչ թե այն պատճառով, որ այնտեղ կա Աստված, և Ինքն ուժեղ է այլ, որովհետև Աստծո Թագավորության մեջ տիրում է միաբանություն:
Մեր միաբանությանը հաջորդում է Երկնքի միաբանությունը: Եթե մենք միաբան ենք, ապա Երկինքը հաշվի է առնում մեր կարծիքը:
Հովհաննես 17:20-23
Հիսուսը եկեղեցու միաբանությունը համեմատում է Իր և Հոր միաբանության հետ, և հենց դա է պատճառը, որ եթե մենք այստեղ որևէ բան կապենք, այն կկապվի երկնքում, որովհետև Հիսուսը գիտի, որ մենք դա կապում ենք ոչ թե անձնական շահերի համար, այլ՝ Թագավորության:
Ավելի հաճախ տարաձայնությունների հետևանքով առաջացած բաժանությունները լինում են ոչ թե օտար, այլ կողքին գտնվող, ամենամտերիմ մարդկանց կողմից: Օրինակ` Մովսեսի հետ Ահարոնի և Մարիամի ունեցած անձնական խնդիրների և անհասկացողության պատճառով մոտ 2 ,5 միլիոն թվով ազգը կանգնել էր Խոստացված երկրի ճանապարհին, որի պատճառը տարաձայնությունն էր:
Հոբ 34:1-4
Եթե դիմացինդ մտածող, կշռադատող մարդ է, մի շտապիր վիճել նրա հետ: Կարևոր է ոչ թե խոսելը, այլ միասին կշռադատելը, ինչի միջոցով կգտնենք շատ հարցերի պատասխաններ: