Միայն հավատա՛
Ամեն տեղ, ուր գնում էր Հիսուսը, ինչ-որ բան փախվում էր: Եթե դու հավատում ես, որ Հիսուսը ներկա է այստեղ, ուրեմն քո կյանքում նույնպես ինչ-որ բան կփոխվի։ Ամենազորավոր մարդը նա է, ով հավատ ունի, քանի որ հավատով մարդը կարող է ամեն բան:
Գրված է՝
«Եւ ամեն ինչ, որ անէք խօսքով կամ գործով, ամենը Տէր Յիսուսի անունովն արէք» (Կող.3:17):
Ժպտում ես՝ այնպես ժպտա, որ Հիսուսին դուր գա քո ժպիտը: Օրհնում ես՝ այնպես օրհնիր, որ Հիսուսը հավանի քո օրհնանքը: Ամեն բան այնպես արա, որ արժանանաս Հիսուսի հավանությանը:
Մարկոս 5:1-20-ում նկարագրված է դիվահարը, որը բնակվում էր գադարացիների երկրում: Նրան ոչ ոք չէր կարողանում զսպել.
«Շատ անգամ ոտների կապերով եւ շղթաներով կապուել էր, բայց նա շղթաները կտրատել եւ ոտների կապերը փշրել էր, եւ ոչ ոք կարող չէր նորան նուաճել»։ (Մարկ.5:4):
Բայց երբ դիվահարը տեսավ Հիսուսին, վազեց ու երկրպագեց Նրան: Երկրպագությունը փոխում է մարդուն, երկրպագությունը ազատում է մարդուն:
Հիսուսն այստեղ երկու հրաշք արեց. ազատագրեց դիվահարին և երկու հազար խոզեր գահավիժեցին ծովը: Հետո ամբողջ քաղաքն իմացավ այդ մասին ու բոլորը եկան այդտեղ: Բայց նրանք ուշադրություն չդարձրին դիվահարի ազատագրությանը: Դա նրանց չէր հետաքրքրում: Նրանց հետաքրքրում էին իրենց խոզերը, այն ժամանակներում՝ պիղծ կենդանիները: Քանի որ խոզերը խեղդվել էին ծովում, գադարացիները խնդրեցին, որ Հիսուսը հեռանա իրենց քաղաքից:
Մարդիկ չնկատեցին բժշկությունը: Նրանք չընկալեցին, որ Հիսուսը բժշկող Աստված է: Միայն Հիսուսն է, որ կարող է բժշկել, կարող է լուծել բոլոր խնդիրները, կարող է ամեն բան:
Երբ Հիսուսը վերադարձավ ծովի մյուս ափը, նրան մոտեցավ իրեն կորցրած Հայրոսը, որի դուստրը մահամերձ էր: Ու մինչև Հիսուսը կհասներ Հայրոսի տուն, Նրան դիպավ արնահոսող կինը և անմիջապես բժշկվեց: Հիսուսն ասաց՝ «Քո հաւատքն ազատեց քեզ»: (Մարկ.5:34): Հավատի շնորհիվ բժշկվեց կինը, որին բոլորն ասում էին, որ չի բժշկվի: Իսկ նա հավատաց և բժշկվեց: Քիչ անց մարդիկ ասացին Հայրոսին, որ աղջիկը մահացավ: Բայց Հիսուսը Հայրոսին նույնպես ասաց՝ «Մի՛ վախենար, բայց միայն հաւատա»: (Մարկ.5:36):
Այս աշխարհում ամենաթանկ բանը իշխանությունը չէ, փողը չէ, ադամանդները չեն: Ամենաթանկ բանը հավատն է, որովհետև հավատով հնարավոր է ամեն բան: Հիսուսը Հայրոսի տանից դուրս հանեց բոլոր նրանց, որքեր չէին հավատում, կասկածում ու ծաղրում էին: Հանի՛ր քո կյանքից բոլոր նրանց, ովքեր խանգարում են քո հավատին, վռնդիր քո կյանքից բոլոր մեղքերը` բոլոր խոզերին: Ու հավատա: Միայն հավատա՛:
Հիսուսն ասել է՝ «Եթե կարող ես հավատալ, ամեն բան հնարավոր է նրա համար, ով հավատում է»: (Մարկ.9:23):
Կարող է քո մեջ հարց առաջանալ, արդյո՞ք դու ունես այդ հավատը: Վստահ եղիր՝ դու ունես: Եթե դու եկեղեցում ես, ուրեմն հավատ ունես: Սակայն եթե աղոթում ես, բայց ոչինչ չի փոխվում, ուրեմն դեռ ինչ-որ դև խանգարում է քեզ: Վռնդիր դևերին, թույլ տուր, որ Հիսուսը մաքրի քեզ մեղքից:
«Եթէ մեր սրտերը չ’մեղադրեն մեզ, համարձակութիւն ունինք առ Աստուած։ Եւ ինչ որ խնդրենք կ’առնենք Նորանից»: (1Հովհ.3:21-22):
Եթե քո սիրտը մեղադրում է քեզ, դու համարձակություն չես ունենա Տիրոջ առաջ որևէ բան խնդրելու: Եթե, օրինակ, ֆինանսական խնդիր ունես, բայց տասանորդ չես տալիս, ապա քո սրտում հանդիմանություն կլինի և չես կարողանա աղոթել ֆինանսների համար։ Ուրեմն հանձնիր քո սիրտոը Հիսուսին: Նա կմաքրի քեզ մեղքից և կօրհնի քո կյանքը:
Սեփական լրատվություն