Մխիթարեցեք Իմ ժողովրդին
«Նոր սերունդ» եկեղեցու սեպտեմբերի 10-ի կիրակնօրյա ծառայության սկզբում հովիվ Տիգրան Թադևոսյանը և ամբողջ եկեղեցին օրհնեցին Գեղամի և Լիլիթի ամուսնությունը:
«Ապրեք մեկդ մյուսի համար,- նորապսակներին հորդորեց հովիվը:- Եթե ձեզնից յուրաքանչյուրը մի կողմ թողնի իր ցանկությունները և ամեն բան անի մյուսի համար, ապա երջանկությունը մշտապես կլինի ձեր ամուսնական կյանքի ուղեկիցը»:
Այնուհետև նորպսակները ծունկի իջան Աստծո առաջ և եկեղեցին աղոթեց նրանց համար:
Պատգամախոսը նույնպես հովիվ Տիգրանն էր.
Կյանքում լինում են վերելքի ժամանակներ և վայրէջքի ժամանակներ:
Մեկը տարիներ առաջ վերելք էր ապրում, բայց այսօր չունի նախկին ուրախությունն ու խանդավառությունը: Մյուսը նոր է մտել ուրախության մեջ ու վայելում է Տիրոջ ներկայությունը: Քո ուրախությունը կախված է նրանից, թե որքանով ես ճանաչում Աստծուն ու հաղորդակցվում Նրա հետ:
«Մխիթարեցէք, մխիթարեցէք Իմ ժողովրդին, ասում է ձեր Աստուածը»: Ես. 40:1:
Գրվածէ՝ ձեր Աստվածը: Այսինքն՝ ինչ իրավիճակում էլ լինի մարդը, Աստված ասում է, որ ինքը քո Աստվածն է: Նա քո Աստվածն է և՛ վերելքի, և՛ վայրէջքի ժամանակ: Նա մշտապես մխիթարում է քեզ:
«Երուսաղէմի հետ սիրտը առնելով խօսեցէք. Եւ կանչեցէք նորան, թէ նորա տառապանքը վերջացել է, թէ նորա անօրէնութիւնը թողուեցաւ. որովհետեւ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքիցը կրկնապատիկ հատուցում է ստացել»: Ես.40:2:
Աստված սովորեցնում է, որ ընկածին պետք է սիրտը շահելով մխիթարել՝ ելնելով սիրո սկզբունքից: Եղի՛ր Աստծո նման, շահի՛ր մարդկանց սիրտը: Մի՛ անդրադարձիր անցյալին, մի՛ մեղադրիր, մի՛ դատապարտիր, այլ շահի՛ր դիմացինիդ սիրտը:
Աստված քեզ ներել է, քո տառապանքը վերջացել է, որովհետև տեղի է ունեցել մի բան, ինչը բավարարել է Աստծուն՝ «բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքիցը կրկնապատիկ հատուցում է ստացել»: Ո՞վ է հատուցում ստացել, ինչպե՞ս, այդ ի՞նչ է կատարվել, որ բավարարել է Աստծուն:
Պատասխանը մեկն է՝ Հիսուսի արյունն է թափվել քեզ համար, Հիսուսի թափված արյան շնորհիվ է «անօրենությունը թողնվել»: Երբ մարդ մոռանում է Հիսուսի զոհի, Նրա շնորհի մասին և կենտրոնանում է իր խնդիրների վրա, դա ի վերջո հասցնում է դեպրոսիայի: Ուշադրությունդ մի՛ շեղիր Հիսուսից՝ Նրա արյունը կրկնակի չափով հատուցել է քո մեղքերը:
Շատերը դժվարությունների ու խնդիրների մեջ են ու նրանց թվում է, թե դա իրենց մեղքերի հետևանքն է: Իրենք իրենց մեղավոր են զգում: Հիշեցրե՛ք նրանց, որ Հիսուսի արյունը թափվել է իրենց համար, իրենց նկատմամբ ունեցած մեծ սիրո հետևանքով ու մաքրել է նրանց բոլոր մեղքերը: Մենք կանչված ենք իրար սիրելու: Խոսե՛ք մարդկանց սրտերի հետ, շահեք նրանց սիրտը:
Հիմա այնպիսի ժամանակներ են, որ հաջողության հասնելու համար պետք է երկրպագել կամ սատանային, կամ Աստծուն: Միջինը չկա: Բայց մենք չենք ուզում հեռանալ Աստծուց: Մենք չենք ուզում ժամանակավոր հաջողության համար հավիտենապես դժոխք գնալ: Մեր հաջողությունն Աստծո մեջ է.
«Մի՞թէ չգիտես, կամ չե՞ս լսել, որ յաւիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը. Նա չի յոգնիլ, եւ չի վաստակիլ… Նա է յոգնածին ոյժ տուողը. Եւ Նա կարողութիւն չունեցողին զօրութիւն է շատացնում։ Եւ երիտասարդներն կյոգնեն եւ կվաստակեն, եւ ընտիրները թուլութիւնով կթուլանան, Բայց Տիրոջ ապաւինողները կնորոգուին ոյժով, թեւերով վեր կսլանան արծիւների պէս, կվազեն եւ չեն վաստակիլ, կգնան եւ չեն յոգնիլ» : Ես.40:28-31:
Եթե լինես Աստծո մեջ, Նա քեզ ուժ կտա և թույլ չի տա, որ հոգնես: Աստված ուժ է տալիս վայրէջքի ժամանակ: Հոգնելն ու թուլանալը բնական են, բայց Աստված քեզ նորոգում է գերբնական ձևով:
Դու նորոգվելու կարիք ունես, և նորոգությունը Հիսուսով է: Նորոգվելու որոշում կայացրու, նայի՛ր Հիսուսին, ու նորոգությունը կգա ճիշտ ժամանակին:
Սեփական լրատվություն