Մթնոլորտը փոխելու օծությունը
«Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը սեպտեմբերի 28-ի ուղերձում վերլուծեց այն օծությունն ու իշխանությունը, որ անհրաժեշտ է մթնոլորտ փոխելու համար:
Իշխանությունն ու օծությունը անբաժան են: Հոգևոր իշխանությունը տարբերվում է աշխարհի իշխանությունից: Աստծո իշխանությունն ունեցողը դառնում է ավելի խոնարհ, ավելի կարեկից: Բայց աշխարհի մարդիկ ակնածանքով են վերաբերվում նրան ու իրենք էլ չեն հասկանում, թե ինչու:Իշխանությունը գալիս է ինչ-որ ճանապարհով: Իշխանությունը գալիս է, երբ կա դրան համապատասխանող մթնոլորտ, որ տրվում է Աստծուց: Սուրբ Հոգին է, որ բերում է Աստծո Թագավորության մթնոլորտը:
Աստված մեզ իշխանություն է տվել, որ լցված լինելով Սուրբ Հոգով՝ ստեղծենք համապատասխան մթնոլորտ: Եթե կարող ես մթնոլորտ փոխել, ուրեմն իշխանություն ունես:
Մատթևոս 9:18-26-ում և Մարկոս 5:35-43-ում նկարագրված է, թե ինչպես է Հիսուսը փոխում մթնոլորտը: Երբ Հայրոսին ասացին, թե աղջիկդ մեռավ, անմիջապես տիրեց տրտմության ու մահվան մթնոլորտը: Բայց Հիսուսը փոխեց այդ մթնոլորտն ասելով՝ «Մի՛ վախենար, բայց միայն հաւատա»։ Երբ նրանք մոտեցան տանը, մարդիկ լալիս էին, ողբում ու սկսեցին ծաղրել Հիսուսին, երբ ասաց, որ աղջիկն ընդամենը քնած է: Այստեղ նույնպես Հիսուսը փոխեց մթնոլորտը: Նա գործի դրեց Իր իշխանությունը, բոլորին դուրս հանեց ու հարություն տվեց աղջկան:
Ավետարան քարոզողը, Բարի Լուրը տարածողը փոխում է մթնոլորտը:
Իշխանությունը տրվում է Աստծուց: Բայց եթե իշխանություն ունեցողը չի ճանաչում Աստծուն, մարդիկ էլ չեն ճանաչում նրա իշխանությունը:
Եթե ուզում ես մթնոլորտ փոխել, քարոզիր Աստծո Խոսքը:
Սեփական լրատվություն