«Նոր սերունդ» եկեղեցու ծառայությունները կհեռարձակվեն ամերիկյան ICFN հեռուստատեսության եթերում
Ամերիկյան ICFN (International Christian Family Network) հեռուստատեսության եթերում այսուհետև յուրաքանչյուր ուրբաթ օրը, Լոս Անջելեսի ժամանակով ժ.18:00-ից մինչև 19:00 կհեռարձակվեն Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու կիրակնօրյա ծառայությունները:
Այս մասին նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի ամերիկյան այցի ժամանակ՝ ICFN հեռուստատեսության հիմնադիր-տնօրեն Վահե Մարանյանի հետ հանդիպման ընթացքում:
Ապրիլի 2-ին Վահե Մարանյանը և Տիգրան Թադևոսյանը հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են իրենց որոշումը: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ:
ICFN հեռուստատեսությունը միջազգային քրիստոնեական բազմալեզու հեռուստատեսություն է, որի նպատակն է Բարի Լուրի տարածումը, քրիստոնեական հավատ ոգեշնչելը, աջակցությունը տեղական եկեղեցիներին, նպաստելը սոցիալական արդարությանը և հումանիտար հարցերի լուծմանը:
«Նոր սերունդ» եկեղեցու ծառայությունները կարելի է դիտել յուրաքանչյուր ուրբաթ` եկեղեցու www.newgeneration.am կայքի ներքևի հատվածում տեղադրված ICFN ընկերության հղումով կամ www.icfn.tv կայքում, իսկ ԱՄՆ բնակիչները՝ նաև Լոս Անջելեսի մալուխային հեռուստատեսության 382 ալիքով:
«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն