«Նոր սերունդ» եկեղեցու ստեղծագործական խումբը հյուրախաղերով մեկնեց Գերմանիա։
«Նոր սերունդ» եկեղեցու երիտասարդներից բաղկացած 17 հոգանոց ստեղծագործական խումբը հյուրախաղերով մեկնեց Գերմանիա:
Դեկտեմբերի 16-ին Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու երիտասարդական ստեղծագործական խումբը հյուրախաղերով մեկնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։
Տեղեկացնենք, որ երկշաբաթյա հյուրախաղերով Գերմանիա մեկնելու հրավերը ստեղծագործական խումբը ստացել էր դեռ տարեսկզբին ։
Եվ ահա վերջին մի քանի շաբաթների ընթացքում բուռն նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում այդ ուղղությամբ։
Այցի նպատակի, հրավիրող կողմի և միջոցառումների բնույթի մասին զրուցեցինք մեկնող ստեղծագործական խմբի ղեկավար Ստելլա Բարսեղյանի հետ։
Ո՞րն է խմբի մեկնելու հիմնական նպատակը։
Հիմնական նպատակը մասնակցելն է «Սուրբ Ծնունդը Եվրոպայում» նախագծի շրջանակներում կայանալիք միջոցառմանը։ Եվ մեր երգ ու պարի միջոցով հանդիսատեսին Ավետարանի Խոսքը հասցնելն է։
Ո՞վ է հրավիրող կողմը։
Հրավերը ստացել ենք Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքի «Հայ-ռուսական մշակույթի կենտրոնի» և տեղի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Գոռ Ղազարյանի կողմից, ովքեր իրենց ուժերը մեկտեղել են, որպեսզի այս ծրագիրը իրականություն դառնա։
Ի՞նչ բնույթի միջոցառումներ են լինելու։
Հիմնական միջոցառումներ, որոնք ի դեպ կայանալու են դեկտեմբերի 26-ին և 27-ին, բեմական բնույթի են, իսկ մյուս միջոցառումները, որոնք կայանալու են դեկտեմբերի 19-ին, 20-ին և 31-ին, կլինեն հայկական երգ ու պարով տեսքով, կհնչեն նաև Հայկուհի Բաբայանի հեղինակային երգերը։
Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս այցելությունից։
Ակնկալիքները մեծ են։ Մեր խումբը նման հրավեր առաջին անգամ է ստանում, և քանի որ հիմնական նպատակը Ավետարանչությունն է, ակնկալում ենք ապաշխարություններ, վկայություններ, հենց խմբի անդամների հոգևոր աճ, ինչպես նաև նոր ընկերներ և վառ տպավորություններ, և ,իհարկե, նոր հրավերներ։
Ի՞նչ խնդիրների հետ եք բախվել այս ընթացքում։
Անկեղծ ասած՝ խնդիրների պակաս չի զգացվել։ Խոչընդոտներ ունեցանք դեսպանատուն ներկայացվելիք փաստաթղթերի, անհրաժեշտ պարային հագուստների հայթայթման, ինչպես նաև խմբի անդամների առօրյայի ու մեր կողմից սահմանված փորձերի գրաֆիկի համապատասխանեցման հետ կապված։
Չնայած այս ամենին՝ մենք հավատքով առաջ էինք շարժվում՝ հաղթահարելով բոլոր արգելքներն այն վստահությամբ, որ մեր խնդիրները Աստծո Ձեռքերում են։
Սեփ․ լրատվություն