Ողորմությունն ու ճշմարտությունն իրար կհանդիպեն

Ողորմությունն ու ճշմարտությունն իրար կհանդիպեն

Հաճախ Քրիստոսն ընկալվում է զուտ որպես օրհնություն ստանալու միջոց: Սակայն իրականում քրիստոնեությունն ունի ավելի մեծ հատկանիշ՝ այն փոխում է մարդու կյանքը, մարդու սիրտը: Ոչ մի գիտություն, ոչ մի գրականություն չի կարող փոխել մարդու կյանքը կամ սիրտը: Մարդու սիրտը փոխվում է այն ժամանակ, երբ Աստծո Խոսքն է բնակվում այնտեղ: Ընդ որում, միայն Խոսքը նույնպես չի կարող փոխել սիրտը: Սիրտը փոխվում է, երբ Խոսքի հետ համատեղ գործում է նաև Սուրբ Հոգին:

«Թող լսեմ թէ ինչ կխօսի Տէր Աստուածը, Նա խաղաղութիւն կխօսի Իր ժողովրդի եւ Իր սուրբերի հետ, եւ նորանք ետ չեն դառնալ յիմարութեան մէջ»: (Սաղմ.85:8):

Որպեսզի մարդ դուրս գա հիմարությունից և այլևս ետ չգնա դեպի հիմարությունը, նա պետք է մտնի իմաստության մեջ: Ամենից իմաստունը Տերն է և Նրա Խոսքը: Հիմարը, անմիտը նա է, ով չի փնտրում կյանքի իմաստը: Մենք նույնպես մի ժամանակ անմիտներ էինք: Բայց երբ թույլ ենք տալիս, որ Աստված խոսի մեզ հետ, թողնում ենք հիմարությունը և իմաստության միջոցով ստանում ենք խաղաղություն:

«Իրաւի, որ Նորա փրկութիւնը մօտիկ է Նորանից վախեցողներին, որ փառք բնակուի մեր երկրումը»։ (Սաղմ.85:9):

Եթե երկրի իշխանությունները լսեն Տիրոջ ձայնը, ամեն բան կփոխվի այդ երկրում: Երկիրը կզորանա, եթե նրա բնակիչներն ունեն Աստծո վախը:

«Ողորմութիւն եւ ճշմարտութիւն իրար կհանդիպեն. արդարութիւն եւ խաղաղութիւն իրար կհամբուրեն»: (Սաղմ.85:10):

Ողորմությունն այն է, որ քեզ չի պատկանում, բայց Աստված տվել է քեզ որպես նվեր: Ինչո՞ւ է Աստված քեզ տալիս մի բան, որը դու չես վաստակել: Նա հույս ունի, որ դու կհասկանաս դա և կսկսես ապրել ըստ Նրա ճշմարտության: Եվ ինքը դրա համար քեզ կտա զորություն:

Սխալվում են այն հավատացյալները, ովքեր կարծում են, թե Աստված միշտ ողորմություն կտա: Աստծո ողորմության նպատակն այն է, որ դրան հաջորդի ճշմարտությունը: Եթե չես ուզում ապրել ճշմարտության մեջ, մի օր ողորմություններն էլ կդադարեն: Եվ մարդը կմնա մենակ՝ առանց ողորմության և առանց ճշմարտության:

«Կամ թէ Նորա քաղցրութեան առատութիւնը եւ համբերութիւնը եւ երկայնմտութիւնը արհամարհո՞ւմ ես. չգիտենալով որ Աստուծոյ քաղցրութիւնը քեզ ապաշխարութեան է տանում»: (Հռոմ.2:4):

Ակնհայտ է, որ Աստծո քաղցրությունը, Աստծո ողորմությունը քեզ դեպի ապաշխարություն պիտի առաջնորդեն: Որպեսզի մեր կյանքում ողորմությունը հանդիպի ճշմարտությանը, մենք պետք է ապրենք Խոսքի համեմատ: Եվ այդ դեպքում ողորմությունն ու ճշմարտությունը կհանդիպեն ոչ թե մի անգամ, այլ մշտապես: Մենք մշտապես պետք է հրավիրենք ճշմարտությանը, որպեսզի ողորմությունը մենակ չմնա: Հակառակ դեպքում Աստծո համբերությունն էլ կսպառվի և ողորմությունը ետ կքաշվի: Իսկ երբ սկսենք հնազանդվել ճշմարտությանը, Սուրբ Հոգին կսկսի գործել մեր մեջ:

«Սուրբ Հոգուն միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտութեան հնազանդութեամբ, անկեղծ եղբայրսիրութեան համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեցէք»: (1Պետ.1:22):

Նրանք, ովքեր ապրում են միայն ողորմությամբ, չեն կարող սրբվել Սուրբ Հոգու միջոցով, քանի դեռ չեն հնազանդվել ճշմարտությանը:

Մի՛ մնա ողորմության մեջ: Հրավիրի՛ր ճշմարտությանը քո կյանքի մեջ: Եվ հիշի՛ր՝ ճշմարտությունը ՀԻՍՈՒՍՆ է:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ