Որ մեկ լինեն, ինչպես մենք էլ մեկ ենք

Որ մեկ լինեն, ինչպես մենք էլ մեկ ենք
Աստված արարեց աշխարհն Իր իմաստության համեմատ: Քննելով արարչագործությունը, մտորելով նրա մասին, կարող ենք տեսնել Աստծո իմաստությունը:
Թռչունների երամ: Ինչո՞ւ է այն անկյունաձև: Պարզվում է, որ ամեն մի թռչուն իր ետևում՝ որոշ անկյան տակ, ստեղծում է վերամբարձ ուժ ետևից թռչող թռչնի համար: Նա էլ իր հերթին իր ետևից թռչողի համար և այդպես շարունակ: Թռչունները որսում են առջևից գնացողի ստեղծած վերամբարձ օդային հոսանքները և արդյունքում ծախսում են 71%-ով ավելի քիչ եռանդ, քան միայնակ թռչելիս: Ու նրանք հասնում են այնտեղ, ուր թռչում են:
Աստված նրանց այդպես է արարել:
Ու այստեղ իմաստությունն այն է, որ միայնակ մարդը՝ առանց երամի, չի կարող հասնել Աստծո նախասահմանած նպատակին.
«Եւ ես այն փառքը, որ Ինձ տվիր, նրանց տվի, որ մեկ լինեն, ինչպէս մենք էլ մեկ ենք։ Ես նրանցում, և դու Ինձնում, որ կատարյալ լինեն միությունում, որպեսզի աշխարհը գիտենա, թե դու ուղարկեցիր ինձ. Եւ սիրեցիր նրանց՝ ինչպէս ինձ սիրեցիր»։ Հովհ.17:22-23:
Աստված սիրում է մեզ, ինչպես սիրում է Հիսուսին և ուզում է, որ մենք մեկ լինենք, կատարյալ լինենք միությունում: Եկեղեցին է այդ միությունը: Միայն եկեղեցում է հնարավոր հասկանալ Աստծո Խոսքի էությունը:
... Առջևից թռչող թռչունը կարող է հոգնել: Նրան կփոխարինեն ուրիշները: Բայց բոլորը չէ, որ կարող են թռչել առջևից: Իսկ մյուսները՝ ետևից թռչողները, նույնպես ունեն իրենց պարտականությունը: Նրանք իրենց ճիչերով քաջալերում են առաջատարին:
Իսկ երբ թռչուններից մեկը տկարանում է, կամ վիրավորվում է որսորդի գնդակից, նրան մենակ չեն թողնում: Նրա հետ են մնում երամի առնվազն երկու թռչուն, մինչև ապաքինվելը (կամ մեռնելը): Հետո նրանք միասին միանում են ուրիշ երամի և հասնում այնտեղ, ուր գնում էին:
Երբ դու երամի մեջ ես, եթե հաճախում ես եկեղեցի, քո կողքով կանցնեն աղքատությունը, դեպրեսիաները, հիվանդությունները, բայց դու կմնաս ուրախության մեջ ու կհասնես այնտեղ, ուր քեզ առաջնորդում է Տերը:
2015 թվականի առաջին ծառայությանը՝ հունվարի 11-ին, այս մասին խոսեց «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը:
Նա հայտարարեց նաև, որ հաջորդ իրվանից՝ հունվարի 12-ից, եկեղեցին սկսում է մեկշաբաթյա ծոմ-աղոթք:
«Ծոմը Աստծո առաջ խոնարհվելու, ինքդ քեզ քննելու ժամանակն է: Առանց աղոթքի ծոմը կորցնում է իր իմաստը»,- նշեց հովիվը:
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ