Օրհնության երեք աղբյուրները

Օրհնության երեք աղբյուրները
Մայիսի 10-ին «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանն իր պատգամը նվիրել էր իրական օրհնություն ստանալու կարևորությանը, օրհնության աղբյուրներին:
Մենք Աստծուն ենք եկել, որպեսզի օրհնված լինենք:
Մեր ժամանակներում ոմանք այն կարծիքին են, թե օրհնություն ստանալն այլևս նորաձև չէ: Իսկ մեկ դար առաջ առանց ծնողների օրհնության երիտասարդները ոչինչ չէին ձեռնարկում: Հարկավոր է վերականգնել այդ սովորությունը, որովհետև ծնողի օրհնությունը ձևական չէ, այն իրական է, այն գործում է: Դրա ապացույցները Աստվածաշնչում շատ են:
Օրհնությունը կարող է գալ երեք աղբյուրներից՝ Աստծուց, քահանայից և ծնողներից:
Աստված իր օրհնությունը չի տալիս, քանի դեռ չկա ծնողի օրհնությունը: Ինչո՞ւ է այդպես: Որովհետև Աստված Ինքը նույնպես Հայր է:
Օրհնությունը պետք գա ոչ թե ծնողի շուրթերից, այլ սրտից: Ծնողի սրտից դուրս եկած օրհնությունը մարգարեություն է իր զավակի համար: (Սաղմ.72:1-5): 
Երբեմն քրիստոնյաները օրհնում են իրենց թշնամիներին, բայց իրականում նրանց սիրտը անիծում է: Որպեսզի օրհնությունը գա սրտից, պետք է հաճեցնենք օրհնողին: Կարևոր է, որ զավակները հնազանդ լինեն ծնողներին: Սողոմոնը հնազանդ եղավ հորը՝ Դավթին, և ստացավ նրա օրհնությունը: Սողոմոնը պատվեց քահանաներին ու ստացավ նրանց օրհնությունը: Սողոմոնը անհամար քանակությամբ զոհեր մատուցեց Տիրոջը և ստացավ Նրա օրհնությունը: 
Քամը, ընդհակառակը, ծաղրեց հորը՝ Նոյին, չստացավ նրա օրհնությունը և իր սերունդները հաջողության չհասան: Օրինակները շատ են:
Աստված ուզում է օրհնել մեզ: Աստծո օրհնությունը ստանալու համար պետք չէ խաբենք ինքներս մեզ: Հնարավոր չէ շրջանցել ծնողներին ու եկեղեցուն, բայց ստանալ Աստծո օրհնությունը:
Երիտասարդներ, սիրե՛ք ու հարգե՛ք մեծերին: Շտկե՛ք ձեր հարաբերությունները ծնողների հետ, շտկե՛ք ձեր հարաբերությունները եկեղեցու հետ և Տերը կօրհնի ձեզ:
Որպես իր քարոզի իրականացում հովիվը առաջ հրավիրեց եկեղեցու բոլոր տարեցներին, աղոթեց նրանց համար և խնդրեց, որ նրանք էլ աղոթեն եկեղեցու ու երկրի համար, օրհնեն բոլոր ներկաներին:
Այնուհետև բոլոր տարեցները մեկնեցին մասնակցելու իրենց պատվին կազմակերպված հյուրասիրությանը:
Սեփական լրատվություն



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ