Օրհնության օրենքը

Օրհնության օրենքը
Ֆիզիկական աշխարհն ունի իր օրենքները, հոգևոր աշխարհն՝ իրենը: Աստված տվել է մեզ իր խոսքը, իր օրենքները, որպեսզի Իր խոսքով կարողանանք ապրել:  Միայն Աստծո տված օրենքներով ապրելու դեպքում կա երաշխիք, որ դու կապրես այն կյանքով, որն Աստված նախասահմանել է քեզ համար: 
Որովհետեւ թէ որ դեռ թշնամի էինք, Աստուծոյ հետ հաշտուեցանք նորա Որդու մահովը, ո՞րքան աւելի որ հաշտուած ենք, կ’ապրինք նորա կեանքովը։ 11 Եւ ոչ միայն այսքան. այլ Աստուծով էլ պարծենում ենք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը, որով հիմա հաշտութիւնն ընդունեցինք։ (Հռովմ. 5:10-11)  
Աստված ուզում է, որ ոչ թե մենք ուղղակի ապրենք, այլ կյանքով թագավորենք, որպեսզի իշխենք կյանքի վրա, ամեն իրավիճակի մեջ կարողանանք հաղթել և ուրախ լինել: Եվ Աստված հոգացել է դրա մասին, Նա ամեն բան արել ու հիմք է դրել դրա համար: 
Թշնամիների համար Աստված առաջարկում է հաշտություն, իսկ արդեն հաշտվածների համար առաջարկում է թագավորական կյանք:  
 Որովհետեւ մինչեւ օրէնքը՝ մեղք կար աշխարհքումը, բայց մեղքը չէ համարվում քանի որ օրէնք չ’կայ:  (Հռովմ. 5:13)
 Մահը, որ աշխարհ մտավ մեղքի միջոցով, այնքան զորավոր է, որ առանց օրենքի այն թագավորում էր ամենուրեք մինչև օրենքը: Նույնպես էլ Հիսուսի շնորհիվ առանց օրենքի կյանքն է թագավորում :  Երբ կյանքը թագավորում է, այն բերում է զորություն՝ ապրելու համար: Շնորհքը բոլոր օրենքներից զորավոր է: Կյանքի օրենքը թագավորում է նրանց վրա, ովքեր Հիսուս Քրիստոսի մեջ են:
 Բոլոր օրհնությունները, որ Աստված տալիս է չի տալիս այն պատճառով, որ այդ մարդը պահում է բոլոր օրենքները, այլ Հիսուս Քրիստոսի մեջ լինելու կարգավիճակի կամ դիրքի շնորհիվ: Մարդու կյանքում գլխավոր հարցը սա է, թե որ օրենքի տակ է գտնվում. մահվա՞ն, թե կյանքի: 
Կացէք ինձանում՝ եւ ես ձեզանում. ինչպէս որ ճիւղն իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթէ որթումը չմնայ, այսպէս ոչ էլ դուք՝ եթէ ինձանում չմնաք։ Ես որթն եմ՝ դուք ճիւղերը. նա որ ինձանում մնում է, եւ ես նորանում, նա շատ պտուղ է բերում. որովհետեւ առանց ինձ չէք կարող ոչինչ անել։  (Հովհ. 15:4-5)
Եթե ճյուղը խաղողի որթի վրա չլինի այն չորանալու է: Կարևոր է, թե դու ինչ դիրքում ես գտնվում:  Քո դիրքը որոշում է քո կյանքը, և քո ապրած կյանքը ցույց է տալիս քո իրական դիրքը, ինչպես ծառը ճանաչվում է իր պտուղներից: 
Ճյուղի՝ որթի վրա մնալու հիմնական նպատակը պտուղ տալն է: Եթե ծառը պտուղ չունի, այն օրհնություն չի կարող լինել: Մեր կյանքի գլխավոր նպատակը Աստծո համար պտուղ բերելն է: Մեր կյանքը պիտի Սուրբ Հոգու պտուղներով լցված լինի: Հիսուսն ասաց, որ Իր մեջ մնանք, որպեսզի պտուղ բերենք, իսկ Հիսուսի մարմինը եկեղեցին է: Մնանք Հիսուսի մարմնի մեջ, լցվենք Սուրբ Հոգով, ու այդ դեպքում, ինչպես խաղողի որթերի միջով է անցնում հյութը, սնուցում ու պտուղ է տալիս, այդպես էլ մեր մեջ կսկի գործել Սուրբ Հոգին, ու մենք կդառնանք պտղաբեր Աստծո Թագավորության համար:  


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ