Օրհնությո՞ւն, թե՞ անեծք

Օրհնությո՞ւն, թե՞ անեծք

Երբ քո կյանքում ամեն բան լավ է, դա օրհնություն է: Աստված մեզ կանչել է, որպեսզի օրհնի: Աստված ուզում է օրհնել բոլորին:

Անեծքն այն է, երբ քո կյանքի մեկ կամ մի քանի ոլորտներում ոչինչ չի ստացվում, ուրախություն չկա, ամեն բան վատ է: Անեծքի ետևում կանգնած է մեղքը՝ քո կամ ուրիշի: Սակայն Աստված հնարավորություն է տվել քանդել անեծքը:

«Եւ Եհովան ասեց Աբրամին. Գնա քո երկրիցը, եւ քո ազգականներիցը, եւ քո հօր տանիցն այն երկիրը, որ Ես քեզ ցոյց կտամ։ Եւ Ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, եւ քեզ օրհնեմ, եւ քո անունը մեծացնեմ եւ դու օրհնեալ կլինիս»: Ծն.12:1-2:

Ադամի մեղքի հետ օրհնությունն էր էլ հեռացել աշխարհից: Աստված դրանից հետո առաջին անգամ հայտնվեց Աբրահամին և խոստացավ օրհնել: Աբրահամն ամեն բան ուներ՝ գեղեցիկ և հնազանդ կին, մեծ հարստություն, բազմաթիվ ծառաներ, ովքեր պատրաստ էին հանուն նրա անգամ մեռնել: Բայց Աբրահամի կյանքի մի ոլորտում անեծք կար՝ նա զավակ չուներ: Ու այդ անեծքի պատճառով Աբրահամը չէր կարողանում ուրախանալ մնացած բոլոր օրհնություններով:

Անեծք՝ նշանակում է դիվային ուժերը թույլ չեն տալիս, որ տվյալ ոլորտում օրհնություն գա: Աբրահամի հայրերը կռապաշտներ էին, և դա որպես անեծք անցել էր սերնդե-սերունդ: Հին Կտակարանի ժամանակներում այդ անեծքը կարող էր ընդհատվել միայն այն դեպքում, երբ Աստված անձամբ գալիս և քանդում էր այն:

Փառք Հիսուսին՝ Հիսուսն Իր արյամբ քանդեց բոլոր անեծքները: Պետք չէ համակերպվել անեծքի հետ: Մենք ունենք Աստծո խոստումը և պետք է սպասել ճեղքման: Դրանից հետո դու կամ քո սերունդը կտեսնեք օրհնությունը: Երբ քանդվում է անեծքը, աստիճանաբար գալիս է օրհնությունը: Պետք չէ հուսահատվել, երբ օրհնությունն ուշանում է: Պետք է աղոթել ու պայքարել:

Կա անեծքի երկու պատճառ՝ քո մեղքը կամ նախնիներիդ մեղքը: Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրել է ամեն անեծքից: Երբ դու սրտիդ խորքից ապաշխարում ես ու դավանում Հիսուսին, քո մեղքերը ներվում են և քո կյանքը փոխվում է: Սխալ է կարծել, թե Հիսուսի արյունն ավտոմատ մաքրում է ցանկացած մեղք: Դա տեղի է ունենում, երբ դու խորապես զղջում ես քո մեղքի համար և որոշում կայացնում այլևս մեղք չգործել:

Անեծքի երկրորդ պատճառը նախնիների մեղքն է:

«Մեր հայրերը մեղք գործեցին, եւ չկան, իսկ մենք նորանց անօրէնութիւններն ենք կրում»: Ողբ 5:7:

Բայց երբ Հիսուսը խաչը բարձրացավ, Նա մեզ ազատեց նաև այդ անեծքից: Դրա համար հարկավոր նախնիների փոխարեն նույնպես ներողություն խնդրել, ապաշխարել նրանց փոխարեն:

Մենք պետք է հիշենք նաև, որ մեր մեղքերի պատճառով անեծք է գալիս մեր զավակների կյանքում: Դրա համար հարկավոր է ոչ միայն ապաշխարել, այլև միշտ հետևել մեր կյանքին: Եթե դու ապրում ես մաքրության ու սրբության մեջ, դու օրհնության երաշխավոր ես դառնում քո զավակների համար:

Հիսուսը մեռել է մեր փոխարեն, մեր մեղքերի պատճառով, որպեսզի մեզ ազատի անեծքից: Մի՛ համակերպվիր անեծքի հետ: Աղոթի՛ր, ճեղքի՛ր և գնա՛ դեպի քեզ խոստացված օրհնությունը:

«Քրիստոս գնեց մեզ օրէնքի անէծքից մեզ համար անէծք լինելով... Որ Աբրահամի օրհնութիւնը հեթանոսների մէջ լինի Քրիստոս Յիսուսով, որ մենք Սուրբ Հոգու խոստմունքն ընդունենք հաւատքով»: Գաղ.3:13-14:

Տիգրան Թադևոսյանի 10.11.2019թ. պատգամից:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ