Ո՞ւմ է պատկանում օրհնությունը

Ո՞ւմ է պատկանում օրհնությունը

Մարդու կյանքը կառուցվում է որոշումներով: Այսօր մենք ունենք երեկվա որոշումների արդյունքները: Այսօրվա որոշումներն էլ դառնում են քայլ, քայլն ունենում է հետևանք ու վաղն այն դառնում է իրականություն: Աստծո խոսքն օգնում է կայացնել ճիշտ որոշումներ:

Որոշում կայացնելիս դեռ չգիտենք, թե ինչ խոչընդոտներ կլինեն: Գիտենք միայն, որ դուրս ենք եկել A կետից և որոշել ենք գնալ B կետը: Երանի նրան, ում B կետում Հիսուսն է սպասում: Հաճախ քամիները հակառակ են ուղղված լինում մեր ընթացքին և ձգտում են մեզ ետ տանել կամ նույնիսկ խորտակել:

Աբրահամը առաջին մարդն էր, որ Աստծո հետ մտավ ուխտի մեջ: Նա հավատաց և դրանով տարբերվեց մնացած բոլոր մարդկանցից: Ու Աստված ուխտեց նրան դարձնել ազգերի հայր: Հետ օրհնությունը անցավ նրա որդուն՝ Իսահակին: Իսահակից հետո անցնելու էր իր առաջնեկին՝ Եսավին: Բայց դեռ ծնվելիս Հակոբը բռնել էր Եսավի գարշապարը: Այստեղ արդեն երևում է Հակոբի համառությունը: Եսավը առաջնեկն էր: Առաջնեկն օգտվում էր մի շարք առավելություններից: Նախ՝ հոր ունեցվածքից նրա բաժինը մեծ էր, քան մյուս ժառանգներինը: Երկրոդ՝ ընտանիքում նա ուներ քահանայական դիրք: Երրորդ՝ նրանից էր առաջանալու ընտրյալ ժողովուրդը, որն էլ աշխարհին Մեսիա էր տալու:

Բայց Եսավը չգնահատեց իր առաջնեկությունը: Հակոբը, ընդհակառակը, լավ գիտակցում էր առաջնեկության առավելությունները և նա շտապեց առաջին իսկ հարմար առիթի դեպքում ձեռք բերել առաջնեկության իրավունքը և Եսավից գնեց այն մի աման ապուրով:

Հոգևոր մարդկանց համար Աստված բացում է բազմաթիվ հնարավորություններ: Բայց ոմանք օգտվում են այդ հնարավրություններից Հակոբի նման, մյուսները անարգում են դրանք Եսավի նման:

Հաջորդ քայլը, որ պետք կատարեր Հակոբը, հոր օրհնությունը ստանալն էր: Ու Հակոբը դրան էլ հասավ ու Եսավի փոխարեն հորից կորզեց առաջնեկի օրհնությունը:

Օրհնությունը պատկանում է նրան ով վերցնում է առաջնեկությունը, ով նախանձավոր է Աստծո Խոսքի համար, ով համառորեն գնում է Աստծո խոստմունքների ետևից: Դավիթը իր եղբայրների մեջ յորթերորդն էր, բայց նա իր հավատով ու իր նախանձավորությամբ դարձավ առաջինն ու վերցրեց բոլոր օրհնությունները:

Առաջնեկությունն ու օրհնությունը ստանալուց հետո Հակոբի առջև առաջացան մեծ խնդիրներ: Եսավը որոշեց սպանել նրան և նա փախավ: Բայց միևնույն է, օրհնությունները Հակոբի հետ էին: Ու նա հաղթահարում էր բոլոր խոչընդոտները:

Եթե որոշում ես կայացրել մնալ Աստծո Խոսքի մեջ, ապա Աստված միշտ քեզ հետ կլինի և կօրհնի քո բոլոր քայլերը: Միայն թե ամուր բռնիր քո որոշումն ու քո օրհնությունները:

Հակոբը բաց չթողեց Եսավին, մինչև չստացավ իր օրհնությունը:

Հակոբը բաց չթողեց հորը՝ Իսահակին, մինչև չստացավ իր օրհնությունը:

Հակոբը բաց չթողեց Աստծուն, մինչև չստացավ իր օրհնությունը:

Դրա համար էլ Աստված ասում է՝ «Հակոբին սիրեցի և Եսավին ատեցի» (Հռոմ.9:13):

Աստված սիրում է Հակոբի նման համառ մարդկանց, իսկ Եսավին անվանում է պիղծ և պոռնիկ՝ «Որ չ’լինի մէկը պոռնիկ եւ պիղծ ինչպէս Եսաւը, որ մի կերակուրի համար իր անդրանկութիւնը ծախեց»: Եբր. 12:16:

Ուրեմն անչափ կարևոր է, որ որոշումներ կայացնենք ոչ թե պահի ազդեցության տակ, ոչ թե տարբեր մարդկանց խորհրդով, այլ Աստծո Խոսքով: Եվ լինենք համառ ու նախանձավոր:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ