Ուրախացի՛ր, քո անունը գրված է երկնքում
Հիսուսի աշակերտները հիացած պատմում էին Ուսուցչին, որ դևերը հնազանդվում էին իրենց: Հիսուսն ասաց. «Սակայն մի ուրախացեք նրանով, որ ոգիները ձեզ հնազանդվում են, բայց առավել ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում» Ղուկ. 10:20:
«Նոր սերունդ» եկեղեցու երիտասարդ քարոզիչ Գոռ Կարապետյանը այսօր՝ հոկտեմբերի 27-ին, որպես իր խոսքի առանցք ընտրել էր հավիտենական կյանքը:
Աստծո մեծ սիրո ու մեծ զոհի նպատակը հավիտենական կյանքն է: Ու հավատացյալները պետք է ուրախ լինեն դրանով: Մեր ուրախությունը չպետք է կախված լինի իրավիճակից: Մենք պետք է մշտապես առաջնորդվենք այն հայտնությամբ, որ մեր անունները գրված են երկնքում և ուրախ լինենք՝ անկախ հաջողություններից ու փորձություններից:
Բժշկությունները, ազատագրումները, օրհնությունները անհրաժեշտ են, սակայն ամենից անհրաժեշտը հավիտենական կյանքն է: Եվ երբ առաջին տեղում դնում ենք առօրյա հոգսերը, բժշկություններն ու ազատագրումները, որոնք ժամանակավոր են ու անցողիկ, հաճախ մոռանում ենք հավերժի, հավիտենականի մասին:
Քարոզիչը, իր յուրաքանչյուր խոսքը հիմնավորելով աստվածաշնչյան մի քանի համարներով, ցույց տվեց, որ յուրաքանչյուր հավատացյալ պետք է նմանվի Նոյին՝ անտեսելով բոլոր ժամանակավոր դժվարությունները, ձախողումներն ու հալածանքները, պետք է կառուցի իր տապանը՝ փրկվելու և հավիտենության մեջ նավարկելու համար:
Սեփ. լր.
Տեսանյութը՝ այստեղ: