Ուրախություն՝ ընդդեմ տխրության
«Միշտ ուրախ եղեք Տիրոջով, նորից եմ ասում՝ ուրախ եղեք»,- ասում է Աստծո Խոսքը (Փիլ.4:4):
Եթե մեզ պատվեր է տրվում ուրախ լինել, ուրեմն ուրախ լինելը կախված է մեզնից: Ուրախ լինել՝ նշանակում է հաղթել տխրությանը:
Ուրախությունը չպետք է կախված լինի իրավիճակից կամ արտաքին գործոններից: Աստված մեզ տխրության պատճառները հաղթահարելու և ուրախ լինելու հնարավորություն է տվել: Տխրությունը Աստծուց չէ, այն բերում է սատանան: Երկնքում, երբ սատանան ապստամբեց, որոշ ժամանակ տխրություն տիրեց: Սակայն Միքայելը դուրս եկավ պատերազմի, հաղթեց և «…ցած շպրտվեց մեծ վիշապը՝ այն առաջին օձը, որ կոչվում է Բանսարկու և սատանա: … Սրա համար ուրախացե՛ք, ո՜վ երկինքներ և նրա մեջ բնակվողներ»: Հայտ.7:9,12:
Բայց երկրի մասին ասվում է. «Վայ երկրի ու ծովի բնակիչներին, որ Բանսարկուն իջավ ձեզ մոտ»: Հայտ.7:12:
Այս պատերազմը նման է քո կյանքին: Քո կյանքում էլ կա երկինք ու երկիր: Մի՛ թույլ տուր, որ քո կյանքը նմանվի երկրին, ուր տեղ են գտել մեղքն ու սատանան: Մի՛ թույլ տուր, որ սատանան գողանա քո ուրախությունը: Եղի՛ր երկնքի նման, որտեղ թեև սատանան տխրություն էր բերել, բայց Աստված ցասծ շպրտեց սատանային իր տխրությունով հանդերձ, ու երկնքում ուրախություն տիրեց:
Ուրախ լինելու համար պետք է պատերազմել տխրության դեմ Հիսուսի անունով: Այդ պատերազմը երկրպագությունն է: Ուղղակի երկրպագիր Տիրոջը, և ուրախություն կգա քո կյանքում:
Հատկանշական է, որ Պողոս առաքյալը բանտում եղած ժամանակ է գրել՝ ուրախ եղեք: Նա ինքը ուրախ էր նույնիսկ բանտում, որովհետև երկրպագում էր Տիրոջը: Մի՛ հավատա քո ներսի տխրությանը, հավատա՛ Աստծո ուրախությանը, և այն քո տխրությունը կփոխի ուրախության:
Միքայելը սատանային հաղթեց ոչ թե իր զորությամբ, այլ Աստծո տված զորությամբ և իշխանությամբ: Երբ Հիսուսը եկավ աշխարհ, Նա Իր հետ բերեց այդ իշխանությունը և տվեց մեզ: Հենց այդ իշխանության արդյունքն էր, որ աշակերտները «ուրախությամբ ետ վերադարձան՝ ասելով. «Տեր, Քո անունով նույնիսկ դևերն են հնազանդվում մեզ»: Ղուկ.10:17:
Տխրությունը մահվան կիսաֆաբրիկատն է: Տխրության մեջ մահ կա: Ուրախությունը, ընդհակառակը, կյանք է բերում:
Իմացի՛ր, որ կա թշնամի, ով ուզում է տխրության միջոցով տիրանալ քո կյանքին: Ու դու պիտի հակառակվես նրան քո ուրախությամբ՝ երկրպագելով և փառաբանելով Հիսուսին:
Սեփական լրատվություն