Ո՞վ է այդ ավետարանիչը
Արտաշատ քաղաքի «Կենդանի հավատք» եկեղեցու հովիվ Խաչիկ Սաֆարյանի խոսքը ամբողջությամբ նվիրված էր աստվածային բժշկությանը: Սեպտեմբերի 29-ին Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հյուրը՝ հովիվ Խաչիկ Սաֆարյանը, անկրկնելի օծությամբ հռչակեց աստվածային ճշմարտությունը՝ «Ոչ մի հիվանդություն այլևս իշխանություն չունի քեզ վրա»:
Արնահոսող կինը (Մարկոս 5:25-34) լսեց Հիսուսի մասին, դիպավ նրա հանդերձին և բժշկվեց: «Քո հավատը քեզ բժշկեց»,- ասաց Տերը նրան: Ուրեմն վստահորեն հավատա, դու բժշկված ես: Մի՛ կասկածիր, մի՛ վախեցիր, որովհետև վախը դուռ է բացում հիվանդության համար:
Կույր Բարտիմեոսը (Մարկոս 10:46-53) նույնպես լսեց, որ Հիսուսն է գալիս ու աղաղակեց նրան. «Հիսու՛ս, Դավթի որդի, ողորմիր ինձ»: Եվ նույնպես բժշկվեց: Եվ Հիսուսը նրան նույնպես ասաց. «Քո հավատը քեզ բժշկեց»:
Ուրեմն ի՞նչ է հարկավոր բժշկության համար՝ հավատ և գործողություն: Հավատա, աղաղակիր Հիսուսին, հպվիր Նրան և կբժշկվես:
Եվ արնահոսող կինը, և կույր Բարտիմեոսը լսեցին Հիսուսի մասին, հավատացին, քայլ կատարեցին դեպի Հիսուսը և բժշկվեցին: Ավետարանում չի ասվում, թե ումից լսեցին: Չի ասվում, թե ո՞վ էր այդ ավետարանիչը: Բայց դու քո կյանքում հանդիպում ես բազմաթիվ հիվադների և նրանց համար հենց դու՛ պիտի լինես այդ ավետարանիչը:
Պատգամախոսը կիսվեց իր կյանքի բազմաթիվ վկայություններից մի քանիսով այն մասին, թե ինչպես մարդիկ, լսելով Հիսուսի բժշկարար էության մասին և հավատալով Նրան՝ անհավանական կերպով բժշկվել են Աստծո հրաշալի միջամտությամբ:
Ուրեմն պատմի՛ր մարդկանց Հիսուսի մասին, ի՛նքդ եղիր բժշկության ավետարանիչը:
Ծառայությունն ավարտվեց հզոր աղոթքով բոլոր հիվանդների համար:
Տեսանյութը՝ այստեղ:
Սեփ. լր.