Ո՞վ է կամենում մեծ լինել

Ո՞վ է կամենում մեծ լինել

Աստծո թագավորությունում օրենքներն ու կանոնները տարբերվում են աշխարհի օրենքներից ու կանոններից: Դրանք հաճախ հակառակ են: Աստծո թագավորությունում մեծ լինելը նույնպես տարբերվում է աշխարհում մեծ լինելուց:

Կար մի կայսր՝ Նաբուգոդոնոսոր անունով: Շատ պետություններ էին նրա իշխանության տակ, և ինքը կարծում էր, թե շա՜տ մեծ է: Բայց հրաշք տեղի ունեցավ՝ նա դարձավ վայրի էշ: Յոթ տարի խոտ էր ուտում: Յոթ տարի հետո նա հասկացավ, որ ինքը մեծ չէ, որ Մեծը Աստված է: Դրանից հետո նա կրկին ետ ստացավ իր մարդկային կերպարանքը:

Մեծը նա է, ում Աստված է մեծ համարում: Երբ Աստված սկսում է մեկին բարձրացնել, բոլորը աշխատում են նրան իջեցնել: Բայց չեն կարող, որովհետև բարձրացնողը Աստված է:

«Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված աճեցրեց»։ 1 Կոր.3:6:

Դու ճիշտ տնկում ես, ճիշտ ջրում ես, բայց միևնույն է Աստված է աճեցնողը, որովհետև «ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջրողը, այլ Աստված, որ աճեցնում է»: (1Կոր. 3:8):

Զեբեդիոսի կինը շատ նախանձավոր էր իր որդիների համար: Նա խնդրեց Հիսուսին, որ իր որդիները Աստծո արքայությունում նստեն Հիսուսի աջ և ձախ կողմերում (Մատթ. 20:20-21): Բայց կան բաներ, որոնք լինում են միայն Հոր կամքով: Բարձրացնելը նույնպես Հոր կամքով է: Սակայն Հիսուսոը գիտի գաղտնիքը, թե ում է բարձրացնում Հայրը.

«…Ձեզանից ով կկամենա մեծ լինել, թող ձեր սպասավորը լինի, և ձեզանից ով կկամենա գլխավոր լինել, թող ձեր ծառան լինի. ինչպես Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը շատերի համար որպես փրկագին տալու»: Մատթ.20:26-27:

Ուրեմն եթե ուզում ես մեծ լինել, պետք է ծառա լինես: Սա Աստծո թագավորության օրենքն է, որը հակառակ է աշխարհի օրենքին:

Աստված սիրում է նրանց, ովքեր պատրաստ են ծառայելու: Փոխե՛ք ձեր հագուստը, հագե՛ք ծառայի հագուստ ու ծառայեք մարդկանց՝ «ինչպես Մարդու Որդին»:

Հիսուսը ծառայում է մարդկանց մինչև հիմա: Տիեզերքի Արարիչ Աստվածը ծառայում է մարդկանց: Մենք կանչված ենք Իր նման լինելու՝ ծառայելու:

Երբ դու ծառայում ես մարդկանց, դրանից քո հեղինակությունը չի նվազում, այլ բարձրանում է: Հպարտությունը լավ հիմք է կործանման համար, խոնարհությունը լավ հիմք է բարձրանալու համար:

Թույլ տուր, որ Աստված բարձրացնի քեզ: Ծառայի՛ր մարդկանց:

Հովիվ Տիգրան Թադևոսյանի կիրկնօրյա պատգամից
Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ