Ով եմ ես, Ով ես ԴՈւ

Ով եմ ես, Ով ես ԴՈւ
Քրիստոնյայի համար երկու կարևոր հարց կա, որոնց պատասխանները ստանալով քրիստոնյան կարող է հաջողակ լինել իր բոլոր նախաձեռնություններում. «Ո՞վ եմ ես» և «Ո՞վ է Տերը»:
Երբ Տերը Իսրայելի ժողովրդին Եգիպտոսից հանելու համար կանչեց Մովսեսին, նա առաջին հերթին հարցրեց.
«Ես ո՞վ եմ որ Փարաւօնի մօտ գնամ, եւ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանեմ»։ Ել. 3:11:
Հաջորդ հարցը, որի պատասխանն անհրաժեշտ էր Մովսեսին իրեն վստահված լրջագույն պարտականությունն իրականացնելու համար, հետևյալն էր.
«Եւ երբոր ինձ ասեն. Թէ Ի՞նչ է նորա անունը, ես ի՞նչ ասեմ նորանց»: Ել.3:13:
Ստանալով այս երկու հարցերի պատասխանները, Մովսեսը, չնայած իր պատկառելի տարիքին, կարողացավ հաջողությամբ իրականացնել իր վրա դրված դժվարին գործը:
«Ո՞վ եմ ես»՝ նշանակում է իմանալ, թե ի՞նչ ընդունակությունների, տաղանդների տեր եմ ես: Չկա անտաղանդ մարդ: Աստված բոլորին ինչ-որ տաղանդ տվել է: Եվ քրիստոնյան պետք է իմանա, թե ի՞նչ տաղանդով է օժտել իրեն Աստված: Գտի՛ր քո տաղանդը աշխատելով, ծառայելով և աղոթելով: Այդ ժամանակ Աստված ցույց կտա, թե ով ես դու և թե ինչի համար ես կանչված:
Իսկ եթե երկնչես ու քեզ թվա, թե դու չես կարող կատարել քեզ վրա դրված պարտականությունը, եթե ասես՝ ես չեմ կարող, ապա Աստված քեզ կասի՝ կարող ես, որովհետև «Ես քեզ հետ կլինեմ» (Ել.3:12):
Ու դու կհասկանաս, թե Ով է Տերը: Կհասկանաս, որ ամեն բան կարող ես քեզ զորացնող Քրիստոսով (Փիլ. 4:12):
Սա էլ կլինի երկրորդ հարցի պատասխանը, թե Ով է Տերը քեզ համար:
Ուրեմն վստահիր Տիրոջը, վստահիր ինքդ քեզ ու Դավթի պես վազիր հաջողությանդ ընդառաջ:
Հովիվ Տիգրան Թադևոսյանն այսպիսի քաջալերական պատգամ տվեց եկեղեցուն հոկտեմբերի 12-ի կիրակնորյա իր քարոզում:
Սեփական լրատվություն:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ