Ո՞վ կարող է կանգնել նախանձի առաջ
Առ.27:4
Բարկությունը անգութ է և ցասումր հեղեղասաստ, բայց ո՞վ կարող է կանգնել նախանձի առաջ:
Հաճախ Աստծուն շարժում է խանդը կամ նախանձավորությունը՝ ատելությունը մեղքի հանդեպ և սերը դեպի Իր ժողովուրդը: Ունենալով այսպիսի շարժառիթներ, Աստված անասելի պոռթկում և նախանձավորություն է ցուցաբերում, որպեսզի հաստատի Իր կամքը այս աշխարհում: Եվ այն ամենը, ինչ որ կա Նրա էության մեջ, ինչը շարժում է Նրան, պետք է ձեռք բերենք նաև մենք՝ Նրա հետևորդները: Նախանձավորությունը պետք է հանդիսանա մեր մտածելակերպի և գործելակերպի մղիչ ուժը և հիմնաքարերից մեկը:
Նեեմիա 3:19-20
19 Եվ նրա մօտ նորոգեց Հեսուի որդի Եզերը՝ Մասփայի իշխանը մյուս մասը՝ զինարանը վեր գնալու ճանապարհի դիմացը անկյունում: 20 նրանից հետո նախանձավորությամբ նորոգեց Զաբբայի որդի Բարուքը…
Աստվածաշունչը ասում է, որ տաճարը կառուցելիս կար մեկը՝ Բարուք անունով, որ տարբերվում էր մնացած աշխատողներից իր նախանձավորությամբ: Այսօր էլ մեր մեջ կան որոշ նախանձավորությամբ ծառայողներ, բայց Աստված ուզում է, որ այդպիսին լինեն ոչ թե առանձին անհատներ, այլ բոլորը:
Տիտ.2:13-14
13 Սպասելով այն երանելի հույսին ևմեծ Աստծո և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը, 14 Որ իր անձը մեզ համար տվեց, որ մեզ ամեն անորենությունից փրկի, և սրբի Իր համար հատուկ ժողովուրդ շինի բարի գործերի նախանձավոր:
Ինչպես ձեռք բերել նախանձավորություն: Նախանձավորությունը գալիս է մաքրությունից, սրբությունից: Աստված մեզ հորդորում է հեռու մնալ մեղքից, աշխարհասիրությունից: Մեղքը բերում է անտարբերություն, հանգցնում առաջին սերը: Ահա թե ինչու են մարդիկ այդքան անտարբեր մեղքի նկատմամբ:
Հիսուսը անտարբեր չմնաց այն բաների նկատմամբ, ինչի համդեպ անտարբեր էին անգամ տաճարի քահանաները: Նրանք ամեն օր տեսնում եին տաճարի առևտրականներին, բայց անտարբեր էին, որովհետև իրենք էլ ճիշտ այդպիսինն էին: Նրանք հավատքը դարձրել էին առևտրի և անմաքուր եկամտի աղբյուր:
Հիսուսը խարազանով մաքրեց Աստծո տունը և ոչ ոք չկարողացավ Նրան կանգնեցնել, որովհետև չկա մեկը, որ կանգնի նախանձավորության և խանդի առջև:
Սուրբ եղիր, ինչպես Նա է Սուրբ:
Տիգրան Թադևոսյանի 29.07.2018թ. կիրակնօրյա պատգամից: