Ո՞վ պիտի բաժանի ինձ Քրիստոսի սիրուց

Ո՞վ պիտի բաժանի ինձ Քրիստոսի սիրուց

Հիսուսը մեզ խոստացել է հաղթական կյանք: Խոստացել է բարձունքներ, հաղթանակներ, ձեռքբերումներ: Բայց Նա չի խոստացել առանց  դժվարությունների, առանց փորձությունների կյանք:

Հիսուսը խոստացել է ոչ թե բարգավաճում, այլ վարձք: Նա հաղթանակը բերելու է դժվարությունների մեջ: Հիսուսը չի ասել՝ դժվարություններ չեն լինելու: Բայց ասել է ՝ «Քաջ եղեք, Ես հաղթեցի աշխարհին»: (Հովհ.16:33):

Դժվարությունները գալիս են զորացնելու մեզ, ավելի մոտեցնելու Տիրոջը.

«Օտար բան մի համարէք այն բորբոքուած նեղութիւնը, որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թէ մի օտար բան է պատահում ձեզ։ Այլ ուրախ եղէք, իբրեւ թէ Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, որ նորա փառքի յայտնութեան ժամանակումն էլ ցնծալով ուրախանաք»։ (1Պետ.4:12-13):

Մեր բոլոր դժվարությունները ոչինչ են գալիք փառքի համեմատ:

«Այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու այն գալու փառքին հետ, որ մեզանում պիտի յայտնուի»: (Հռոմ. 8:18):

Ներկայիս խնդիրների ու դժվարությունների նպատակը մեզ գալիք փառքից հեռացնելն է: Բայց Աստծո Խոսքը զգուշացնում է, որ ներկա խնդիրները կարճատև են, թեթև և համեմատելի չեն հավիտենության հետ: Դրանք չպետք է խանգարեն հավիտենություն մտնելուն:

Հիսուսն ասաց՝ «Հետևե՛ք ինձ»: Ու գնաց Գողգոթա: Գնաց դեպի մահ, բայց հարություն առավ: Ուրեմն պետք չէ շրջանցել խնդիրները: Հարկավոր է դեմ առ դեմ կանգնել խնդիրների առաջ ու Հիսուսի հետ հաղթահարել դրանք:

Դու Հիսուսի ժառանգակիցն ես (Հռոմ.8:17), հետևաբար պետք է անցնես նույն ճանապարհով ու արժանանաս նույն փառքին:

Եթե սիրում ես Աստծուն ու հայտնություն ունես, որ կանչված ես Նրա նախասահմանությամբ, ապա դժվարությունները կօգնեն քեզ մոտենալ Հիսուսին, ձեռք բերել փորձառություն ու առաջ գնալ, որովհետև.

«…բոլոր բաները միասին բարուն են գործակից նրանց համար, ովքեր սիրում են Աստծունև կանչված են ւստ Նրա նպատակի: Որովհետև նրանց, ում սկզբից ճանաչեց, նույնպես նախասահմանեց Իր Որդու պատկերին կերպարանակից լինելու…։ Եվ նրանց, ում նախասահմանեց, նաև կանչեց. և կանչեց, նաև արդարացրեց, և ում արդարացրեց, նաև փառավորեց»: (Հռոմ.8:28-30):

Սա իմ ու քո կյանքի համար Աստծո ծրագիրն է, Աստծո սցենարը: Աստված քեզ ճանաչում է անունով: Աստված քեզ սահմանել է Քրիստոսի պատկերին կերպարանակից լինելու: Նա կանչել է քեզ, արդարացրել, սրբել մեղքերդ:

Այս շղթան ամբողջանում է փառավորելով: Մենք մեր հավատով ու մեր կյանքով պիտի թույլ տանք, որ Աստծո ծրագիրն ամբողջանա: Մեր դժվարությունները, տկարություններն ու փորձությունները չպետք է խանգարեն դրան:

Ինչ վիճակում էլ լինես, հիշի՛ր՝ եթե Աստված Իր Որդուն չխնայեց, մի՞թե ամեն բան չի շնորհի քեզ (Հռոմ.8:32): Ի՞նչը կարող է խանգարել, որպեսզի քո կյանքում կատարվի Աստծո նախասահմանությունը:

Եվ ո՞վ կարող է բաժանել քեզ Քրիստոսի սիրուց (Հռոմ.8:35):

Այսպիսին էր «Նոր սերունդ» եկեղեցու քարոզիչ, երիտասարդական հովիվ Գոռ Կարապետյանի պատգամը հունիսի 12-ին:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ