Փակե՛ք բոլոր դռները թշնամու առաջ
Տերը մեզ տվել է ժառանգություն, օրհնություն, հաղթություն, ու մենք պարտավոր ենք պահել դրանք:
Աստծո երկյուղն ունենալուն և սատանայի հնարանքներին դիմակայելուն էր նվիրված մայիսի 25-ի կիրակնօրյա պատգամը: Պատգամախոսը «Նոր սերունդ» եկեղեցու ավագ ծառայող, օծված քարոզիչ Նարինե Մխիթարյանն էր:
«Արթուն եղեք, հսկում արեք. որովհետև ձեր ոսոխ թշնամին՝ սատանան, գոռոզ առյուծի պես ման է գալիս և որոնում, թէ որին կուլ տա»: Ասում է Պետրոս առաքյալն իր առաջին թղթի 5:8-ում:
Ադամը ստեղծված էր կատարյալ՝ առանց մեղքի: Բայց նա հնազանդ չեղավ Աստծուն, մոռացավ Աստծո երկյուղը, չպահեց իր կատարելությունը և սատանան հաղթեց նրան:
Այսօր էլ սատանան պատերազմում է մեր դեմ: Մենք էլ կանչված ենք պատերազմելու, բայց կանչված ենք նաև հաղթելու:
Պողոս առաքյալը նույնպես զգուշացնում է.
«Եւ տեղի չ’տաք սատանային»։ Եփ. 4:27:
Ի՞նչ է նշանակում սա, ինչպե՞ս պահենք մեր օրհնությունը:
Անհրաժեշտ է փակել բոլոր դռները սատանայի առաջ, թույլ չտալ, որ նա գտնի որևէ հնարավորություն՝ մեր կյանքը ներխուժելու համար:
Սուրբ Գիրքը բացահայտում է, թե ովքեր են, որ կարող են դիմակայել թշնամու հարձակումներին.
«Արդարությամբ վարվողը և ուղղություն խոսողը, անիրավության շահը մերժողը, կաշառք բռնելուց ձեռքը թափ տվողը, արյունահեղության խոսքեր լսելուց իր ականջը խփողը, եւ չարություն տեսնելուց իր աչքերը խփողը»։ Ես. 33:15:
Այսօր թշնամին տարբեր միջոցներով՝ հեռուստատեսությամբ և համացանցով, անընդհատ հրամցնում է «արյունահեղության խոսքեր ու չարություն»: Բայց իմանալով նրա նպատակները մենք պետք է փակենք մեր աչքերն ու ականջները, հրաժարվենք հաճելի, բայց կործանարար հաճույքներից: Հակառակ դեպքում կնմանվենք Սամսոնին, ով կործանվեց, «իր աչքին հաճելի» կնոջ խարդավանքներից:
Մենք պետք է ամուր փակենք բոլոր դռները թշնամու առաջ:
Սեփ. լրատվություն