Փակիր Գիրքը և գործիր
Ոմանք մեղքի մեջ են ապրում, մյուսները՝ սրբության: Մենք ընտրել ենք սրբության ճանապարհը: Մենք ընտրել ենք նեղ ճանապարհը: Նեղ ճանապարհին փորձությունները շատ են: Բայց երբ սկսում ես անցնել այդ ճանապարհով, այն քեզ հարազատ է դառնում:
Հոգևոր իրողությունները տարբերվում են աշխարհի իրողություններից: Ֆինանսները աշխարհում լուծում են գրեթե ամեն խնդիր: Հոգևոր աշխարհում փողը ոչ մի դեր չունի: Այնտեղ խնդիրները լուծում է օծությունը: Օծությունը խնդիրներ է լուծում նաև աշխարհում: Օծությունն իր կարևորությամբ անհամեմատ բարձր է ֆինանսներից: Ֆինանսները նյութական են և անցնելու են: Իսկ օծությունը հավիտենական է:
Աստված ուզում է, որ Իր զավակները լինեն հաջողակ, հաղթական և օծված: Եթե դու օծված ես, քեզ հետ հաշվի կնստեն և աշխարհում, և երկնքում: Օծված չեն ծնվում, օծված դառնում են:
«Դու դուրս եկար քո ժողովրդի փրկութեան համար, քո օծեալի փրկութեան համար, ջարդեցիր գլուխը անօրէնի տանիցը, հիմունքը մերկացնելով մինչեւ պարանոցը»: Ամբ.3:14:
Աստված Իր օծյալի համար կանի ամեն բան: Օծյալը միայն Քրիստոսը չէ: Քրիստոսը բոլոր օծյալներից ամենաօծյալն է: Դու նույնպես կարող ես օծյալ լինել: Եթե դու օծյալ ես, Աստված քեզ նույնիսկ կառանձնացնի ժողովրդից և կպաշտպանի, երբ ժողովրդի հետ որևէ վատ բան է կատարվում:
Քրիստոսը հրաշքներ էր կատարում օծությամբ և հավատով, այն նույն հավատով, որ ունես նաև դու: Նա հրաշքներ էր կատարում Սուրբ Հոգու միջոցով, Նա ուներ Սուրբ Հոգու պարգևները: Սուրբ Հոգին գալիս է օծյալների վրա: Այդ մասին վկայեց Հիսուսը, երբ ժողովարանում վերցրեց Գիրքը և կարդաց.
«Տիրոջ Հոգին Ինձ վրա է, որի համար էլ օծեց Ինձ: Նա Ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու, և կույրերին տեսություն, խոցուածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։ Եւ գիրքը խփեց՝ պաշտոնյային տվեց, նստեց »: Ղուկ.4:18-20:
Հիսուսի ծառայությունն այսպես սկսվեց: Նա փակեց գիրքը, նստեց և ըստ էության ասաց, որ Ինքը սկսում է գործել այնպես, ինչպես գրված է Գրքում:
Երբ դու նույնպես հավատով որոշում ես կայացնում ծառայել Տիրոջը, օծություն կիջնի քեզ վրա: Օծությունը ձրի չի տրվում, այն գին ունի: Օծության գինը քո որոշումն է: Կարդա Գիրքը, որոշում ընդունի՛ր, որ կատարելու ես այնտեղ գրվածը, փակիր Գիրքը և սկսիր գործել:
Լավ է կատարես Գրքում գրված թեկուզ մեկ նախադասություն, քան անգիր իմանաս ողջ Գիրքը և ոչինչ չանես:
«Այսօր, եթե Նրա ձայնը լսեք, մի խստացրեք ձեր սրտերը»: Եբր.4:7:
Աստված միշտ կանչում է քեզ: Նա կանչում է ոչ թե քեզնից ինչ-որ բան վերցնելու, այլ տալու, օրհնելու: Նա տալիս է լավագույնը:
Վերցրու որևէ պատասխանատվություն Տիրոջ տան մեջ, ծառայիր Աստծուն և մարդկանց, ու Տիրոջ օրհնությունները կթափվեն քեզ վրա: Վաստակի՛ր Տիրոջ օծությունը:
Դու Աստծո կարիքն ունես, Աստված էլ՝ քո:
Տ. Թադևոսյանի 17.12.2019թ. կիրակնօրյապատգամից: